ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր 51-րդ տարեդարձը նշել է Էնդրյուս ավիաբազայում ընկերների հետ գոլֆ խաղալով: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սպիտակ տան շեֆ խոհարար Սեմ Քասի եւ այցելությունների հարցերով վարչության պետ Մարվին Նիքոլսի հետ գոլֆի պարտիայից հետո Օբաման ուղղաթիռով մեկնել է Քեմփ Դեյվիդի նստավայր, որտեղ պետք է տեղի ունենա տոնական ընթրիքը տիկնոջ` Միշելի հետ: Օբամայի դուստրերը գտնվում են ամառային ճամբարում եւ հոր ծննդյան տարեդարձին չեն մասնակցել: Նշենք, որ Բարաք Հուսեյն Օբաման օգոստոսի 4-ին նշել է իր 51-ամյա: ԱՄՆ 44-րդ նախագահը 2009թ. արժանացել է խաղաղության նոբելյան մրցանակի: Մինչ նախագահ ընտրվելը նաեւ սենատոր էր Իլլինոյսից: Read more
Լիբանանի Բեքաայի հովտում գյուղացիների հարձակումների հետեւանքով վիրավորվել է լիբանանյան բանակի երկու ոստիկան եւ երկու զինծառայող: Նման ձեւով են ֆերմերներն արձագանքել մարիխուանայի դաշտերը ոչնչացնելու ուժայինների գործողություններին: Զինվորականների վրա հարձակումը տեղի է ունեցել Բաալբեքի շրջակայքում: Քրիստոնյաները, պաշտպանելով իրենց ցանքսերը, ականանետերից, նռնականետերից գնդացիրներից կրակ են բացել զինվորական ստորաբաժանումների վրա: Վիրավորներից մեկը լիբանանյան բանակի մայոր է, մյուսը՝ լեյտենանտ: Զինվորականները ստիպված են եղել ժամանակավորապես ցած դնել բահերը եւ գերանդիները եւ վերցնել ինքնաձիգները եւ պատասխան կրակ բացել: Գյուղացիների շրջանում զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում, սակայն հարձակվողների որոնողական աշխատանքները շարունակվում են: Նույն շրջանում հարձակում է եղել ոստիկանական բաժանմունքի վրա, վիրավորվել է երկու ոստիկան: Read more
NASA-ի մարսագնաց Curiosity-ն, որի ներսում 900 կգ-անոց շարժական լաբորատորիա է տեղակայված, գրեթե երկամյա տիեզերական դեգերումներից հետո վայրէջք կկատարի Կարմիր մոլորակում: Սարքի մուտքը, իջեցումն ու վայրէջքը առաքելության ամենավտանգավոր պահերը կդառնան: Ծրագրվում է, որ մարսագնացը վայրէջք կկատարի Կարմիր մոլորակում օգոստոսի 6-ին, 5 կմ բարձրությամբ լեռան ստորոտին` Գեյլ խառնարանի կենտրոնում, որը հայտնի է Մաունթ Շարփ անվանումով: Այստեղով, ինչպես ենթադրում են գիտնականները, հոսում էր վաղուց անհետացած գետ: Երկրին շատ նման Մարսի մակերեւույթից փորձաքննության համար վերցված նմուշները կօգնեն պարզել մոլորակի մակերեւույթի էվոլյուցիայի շատ մանրամասներ: Սարքն ստեղծողներն ակնկալում են, որ այն Մարսում կաշխատի նվազագույնը երկու տարի: Այդ ընթացքում Curiosity-ին կհաղթահարի 12 մղոն` Երկիր ուղարկելով հետագա հետազոտությունների համար շատ կարեւոր տեղեկատվություն: Read more
Երեկ ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Հրազդան հիդրոէլեկտրակայանի հերթապահ կարգավարին, որ 2-րդ ջրանցքի մեջ մարդ է ընկել: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ հայրն իր տղայի հետ ջրանցքով անցնելիս են եղել, եւ հայրը` 57-ամյա Խաչիկ Հայրապետյանը, ով բնակվում է Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում, լողանալու նպատակով մտել է ջուրը եւ խեղդվել է: Միջոցառումներ են ձեռնարկվել ջրի հոսքը դադարեցնելու ուղղությամբ: Դեպքի վայր են հրավիրվել Սեւանի սուզակները, որոնք հանել են Խաչիկ Հայրապետյանի դին: Հայտաբերվել են նաեւ նրա հագուստները: Մահացածն ուներ 2 տղա եւ 2 աղջիկ, եւ այդ պահին իր հետ է եղել փոքր որդին: Read more
ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են հուլիս ամսվա ընթացքում աշխատատեղերի զգալի ավելացման մասին՝ չնայած այն հանգամանքի, որ երկրում ավելացել է գործազուրկների թիվը: Աշխատանքի նախարարությունը հրապարակել է աշխատանքային շուկայի մասին զեկույցը, որի համաձայն երեք ամիս անընդմեջ որեւէ դրական արդյունք չգրանցելուց հետո անցյալ ամսվա ընթացքում գործատուները բացել են 163 հազար աշխատատեղ՝ այս տարվա փետրվար ամսից գրանցված առավելագույն ցուցանիշը: Սակայն չնայած աշխատատեղերի ավելացման, երկրում գործազրկության մակարդակը հուլիս ամսին բարձրացել է՝ հասնելով 8,3 տոկոսի եւ գերազանցելով նախորդ երկու ամիսների ընթացքում գրանցված 8,2 տոկոս ցուցանիշը: ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 1930-ական թվականներից ծավալված ամենածանր տնտեսական ճգնաժամի ժամանակից արդեն 42 ամիս է, ինչ պահպանվում է 8 տոկոսից բարձր մակարդակի վրա: Գործազուրկ է դեռեւս մնում մոտ 13 միլիոն մարդ: Տնտեսական խնդիրները դարձել են ԱՄՆ-ում շարունակվող նախագահական ընտրարշավի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից մեկը: Հանրապետական հնարավոր թեկնածու Միթ Ռամնին մեղադրում է նախագահ Բարաք Օբամային, վերջինս էլ պնդում է, որ տնտեսական անկումը սկսվել է հանրապետականների կառավարման ժամանակ: Read more
Առնվազն 21 մարդ է սպանվել Դամասկոսում պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարի ականանետային գնդակոծման հետեւանքով: Սիրիացի ընդդիմադիրների տեղադրած տեսագրության մեջ երեւում է այն խառնաշփոթը, որ առաջացել է գնդակոծումից անմիջապես հետո: Մարդիկ փախչում են պայթյուններից, գետնին երեւում են այրված դիակները: Գնդակոծումը սկսվել է, երբ ճամբարի բնակիչները ուրբաթօրյա ընթրիքի համար սնունդ էին գնում շուկայում:
Պետական լրատվամիջոցները սովորականի պես մեղադրել են ապստամբներին ճամբարի վրա հարձակվելու մեջ, մինչդեռ ընդդիմադիր ակտիվիստները դեռ ձեռնպահ են մնում շահարկումներից եւ որեւէ բան չեն մեկնաբանում: Այդ ընթացքում Հալեպից Երեւան են ժամանում հայ փախստականների նորանոր խմբեր: Ահա թե ինչ են նրանք պատմել օդանավակայանում. –Մեր բախտը սարսափելի է: Եթե Աստծո կամքը լինի, մեկ-երկու շաբաթ անց լավ կլինի, մենք դեռ հույսեր ենք փայփայում,- ասել է նրանցից մեկը, իսկ մյուսն է լրացրել է. -Բոլորին թվում է, թե մեզ այնտեղ ճնշում էին, սակայն այս տարիներին շատ լավ ապրել ենք, կառավարությունը պաշտպանել է մեզ հարձակումներից: Սիրիայում բնակվում է մոտ 80 հազար հայ, եւ նրանց մեծ մասը Հենց Հալեպում: Քաղաքացիական պատերազմը սկսելուց հետո Հայաստան են ժամանել եւ քաղաքացիություն ստացել մի քանի հազար հայեր: Read more
Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը, ով ութ բանկ է կողոպտել Հյուսիսային Կալիֆոռնիայում եւ հայտնի է Plain Jane Bandit մականունով: Իշխանությունները պարզել են, որ բանկերի սերիական կողոպուտի հեղինակը 38-ամյա Սիլվիա Հելեն Գարսիան է: FBI-ը բազմաթիվ ապացույցներ է գտել եւ ձերբակալել կողոպտչին Դաունի իր տանը երեկ ուշ երեկոյան: Plain Jane Bandit-ը երեք շաբաթվա ընթացքում ութ բանկ էր կողոպտել Սերիտոսում, Դաունիում, Սանտա-Ֆե-Սփրինգսում, Ուիտիեում, Բուենա-փարկում, եւ երկուսն էլ Մորենո-Վյալիում: Վերջին կողոպուտը նախօրեին եղել է Սերիտոսում, սակայն Գարսիային չէր հաջողվել գումար վերցնել: Նրան Plane Jane Bandit մականունը տվել էին ականատեսները: Կողոպտիչը միշտ գործել է նույն սցենարով, մտել բանկ, սպառնացել, գումար պահանջել եւ հեռացել` ասելով, որ իրեն դրսում սպասող կա: Read more
Մեկ մարդ զոհվել, եւս 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, երբ երեկ ուշ երեկոյան Մեգաբաս ընկերության ավտոբուսն Իլինոյսում բախվել է կամրջի սյանը: Միջադեպը տեղի է ունեցել թիվ 55 մայրուղու վրա, Լիչֆիլդ քաղաքի մերձակայքում: Երկհարկանի ավտոբուսը Չիկագոյից ուղեւորվում էր Սենթ Լյուիս: Միջադեպի ժամանակ ավտոբուսում 81 ուղեւորներ են եղել: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ նախնական տեղեկություններով, պայթել է ավտոբուսի անվադողը, եւ վարորդը չի կարողացել պահել մեքենայի կառավարումը: Դիմացի վերին հատված նստած կինը տեղում մահացել է: Պարզվել է նրա ինքնությունը, Հնդկաստանի քաղաքացի, 24-ամյա Ադիթի Ավհադն է: Այժմ փորձում են պարզել նրա բնակության վայրն ու կապվել ընտանիքի անդամների հետ: Իրավապահները նաեւ տեղյակ չեն, թե որ կանգառից է նա նստել ավտոբուս: Վթարի հետեւանքով վնասվածքներ են ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել ավտոբուսի 38 ուղեւորներ: Բժիշկները ներկայումս պայքարում են հինգի կյանքի համար, մյուսների վնասվածքները նվազ ծանրության են: Մեծ մասի մոտ ձեռքի կամ ոտքի կոտրվածքներ են: Հրշեջները հատուկ տեխնիկա են կիրառել ավտոբուսում գտնվող անձանց դուրս բերելու համար, քանի որ մեքենան լրջորեն ջախջախվել էր: Մեգաբաս ընկերությունը հայտարարել է, թե ավտոբուսը մի քանի օր առաջ էր տեխնիկական զննում անցել եւ գտնվել է իդեալական վիճակում: Read more
Նորթ-Հիլզում ամենագնացը բախվել է տանը, իսկ կին վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից: Ոստիկանության փոխանցմամբ, առնվազն չորս մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր, ժամը 2:30-ի սահմաններում, Parthenia Street-ի եւ Noble Avenue-ի խաչմերուկում:
Ոստիկանության ներկայացուցիչ Խոսե Փլեյթզը հայտնել է, որ տան ներքին հատվածը չի վնասվել: Մեքենայի ուղեւորը վթարից հետո մնացել է դեպքի վայրում, եւ նրան բուժօգնություն են ցուցաբերել բժիշկները: Նա հայտարարել է, թե չի ճանաչում վարորդին, ում մեքենայում նա նստած է եղել: Բախման հետեւանքով տուժածներից մեկը մեկ տարեկան երեխա է: Բարեբախտաբար նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Read more
Ըստ Pew Research Center-ի իրականացրած հարցումների` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կտրուկ տարբերությամբ առաջատար դիրք է գրավում նախընտրական մրցավազքում: Հարցման մասնակիցների 51տոկոսը Օբամային է աջակցում կամ կարծում է, որ նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը կպաշտպանի, իսկ 41տոկոսը նախապատվությունը տալիս է ԱՄՆ գործող նախագահի մրցակից, Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռամնիին: Այս ցուցանիշները նման են հարցման հուլիսյան արդյունքներին, իսկ Pew Research Center-ի` այս տարվա հունվարից անցկացված ութ հարցումների արդյունքում Օբաման պահպանում է առաջատարի իր դիրքը: Թեկնածուների միջեւ տոկոսային առումով նվազագույն տարբերություն է գրանցվել 12 նահանգներում, որոնցում հիմնականում նախընտրական թեժ պայքար է գրանցվում: Օբամայի վարկանիշը Կոլորադո, Այովա, Ֆլորիդա, Միչիգան, Նեւադա, Նյու Հեմպշիր, Նորթ Կարոլայնա, Օհայո, Վըրջինիա եւ Վիսկոնսըն նահանգներում 48 տոկոս է, իսկ Ռամնիինը` 44 տոկոս: Հարցումն իրականացվել է հուլիսի 16-26-ը, հարցմանը մասնակցել է 2508 ամերիկացի: Չնայած գրեթե բոլոր հարցումների արդյունքում Օբաման առաջատար է, սակայն, այնուամենայնիվ, Pew Research Center-ը նշում է, որ գործող նախագահ Օբամայի վարկանիշը բարձր չէ: Փորձագետների կարծիքով` դա բացատրվում է երկրի տնտեսական վիճակով, որը Օբաման դեռեւս չի կարողանում արմատապես փոխել: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին: Read more
Powerd by Bloogie