Created on Saturday, 04 August 2012 00:04 Written by AMGA TV
Առնվազն 21 մարդ է սպանվել Դամասկոսում պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարի ականանետային գնդակոծման հետեւանքով: Սիրիացի ընդդիմադիրների տեղադրած տեսագրության մեջ երեւում է այն խառնաշփոթը, որ առաջացել է գնդակոծումից անմիջապես հետո: Մարդիկ փախչում են պայթյուններից, գետնին երեւում են այրված դիակները: Գնդակոծումը սկսվել է, երբ ճամբարի բնակիչները ուրբաթօրյա ընթրիքի համար սնունդ էին գնում շուկայում:
Պետական լրատվամիջոցները սովորականի պես մեղադրել են ապստամբներին ճամբարի վրա հարձակվելու մեջ, մինչդեռ ընդդիմադիր ակտիվիստները դեռ ձեռնպահ են մնում շահարկումներից եւ որեւէ բան չեն մեկնաբանում: Այդ ընթացքում Հալեպից Երեւան են ժամանում հայ փախստականների նորանոր խմբեր: Ահա թե ինչ են նրանք պատմել օդանավակայանում. –Մեր բախտը սարսափելի է: Եթե Աստծո կամքը լինի, մեկ-երկու շաբաթ անց լավ կլինի, մենք դեռ հույսեր ենք փայփայում,- ասել է նրանցից մեկը, իսկ մյուսն է լրացրել է. -Բոլորին թվում է, թե մեզ այնտեղ ճնշում էին, սակայն այս տարիներին շատ լավ ապրել ենք, կառավարությունը պաշտպանել է մեզ հարձակումներից: Սիրիայում բնակվում է մոտ 80 հազար հայ, եւ նրանց մեծ մասը Հենց Հալեպում: Քաղաքացիական պատերազմը սկսելուց հետո Հայաստան են ժամանել եւ քաղաքացիություն ստացել մի քանի հազար հայեր: