Created on Friday, 29 June 2012 01:47 Written by AMGA TV
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար ոստիկանական համակարգից հեռացվել են Ոստիկանության Երեւանի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանը, ոստիկանության մայոր Դերենիկ Բալեյանը եւ ոստիկանության սերժանտ Արմեն Ալեքսանյանը: Երեկ՝ հունիսի 27-ին այս երեք ոստիկանները Նորք Մարաշի Սուրբ Աստվածամայր եկեղեցու բակում ծեծի են ենթարկել նշված եկեղեցում որպես պահակ աշխատող 63-ամյա Հարություն Ավետիսյանին: Ոստիկանները բժշկական փորձաքննության են ենթարկվել եւ պարզվել է, որ եղել են ոչ սթափ վիճակում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Ավետիսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հարուցված քրեական գործի շրջանակներում Արա Կիրակոսյանն ու Արմեն Ալեքսանյանը ձերբակալվել են, իսկ Դերենիկ Բալեյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: