Created on Saturday, 23 June 2012 00:50 Written by AMGA TV
Մինեսոտայում վերջին օրերին մոլեգնում է տարերքը, նահանգի զգալի հատվածը հայտնվել է ջրի տակ: Տարերքից ամենաշատը տուժել է Դըլութ քաղաքը, որ գտնվում է Վերին լճի ափին: Հորդառատ անձրեւները հանգեցրել են սողանքների տասնյակ տների բնակիչների տարհանել են: Պաշտոնյաների խոսքով, վերջին անգամ քաղաքը նման տարերքի բախվել էր 1972թ.: Միայն վերջին մեկ օրում քաղաքի վրա մինչեւ 23 սմ տեղումներ են գրանցվել: Փողոցները բառացիորեն վերածվել են գետակների: Ջրի տակ է մնացել տեղական հայտնի կենդանաբանական այգու մեծ մասը: Տարերքի պատճառով սատկել են գազանանոցի տասնյակից ավելի կենդանիներ, որոնք անտեր էին մնացել: Ջրհեղեղից հետո գազանանոցից փախել են մի սպիտակ արջ եւ երկու ծովարջեր, որոնց սակայն բռնել եւ տեղափոխել են գազանանոց: Ոստիկանությունն առայժմ տեղեկություններ չունի տարերքի պատճառով տուժածների մասին: Տարհանվածներին տեղափոխել են հատուկ ստեղծված ապաստարաններ: Դըլութի քաղաքապետը արտակարգ դրություն է մտցրել, իսկ Մինեսոտայի նահանգապետ Մարկ Դեյթընի խոսքով, ջրհեղեղները նահանգին արդեն մոտ 80 մլն դոլարի վնաս են հասցրել: