Created on Wednesday, 20 June 2012 22:34 Written by AMGA TV
Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ, առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության թիվ մեկ թեկնածուն՝ Միթ Ռամնին, կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը համարվում է իր երկրի աշխարհաքաղաքական հակառակորդը։ -Ռուսաստանը հետեւողականորեն խոչընդոտում է ԱՄՆ-ի գործողություններին ՄԱԿ-ում։ Իհարկե, մենք թշնամիներ չենք եւ չենք պատերազմում իրար դեմ։ Սա սառը պատերազմ չէ, սակայն Ռուսաստանը համարվում է մեր աշխարհաքաղաքական հակառակորդը,- ասել է Ռամնին: Նա ասել է, որ ամերիկյան արտաքին քաղաքականության ձեւավորման սկզբունքը պետք է լինի ուժը։ -Արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ պետք է հանդես գալ ուժի դիրքերից․ ԱՄՆ-ը պետք է ունենա ուժեղ տնտեսություն եւ զինված ուժեր։ Մեզ անհրաժեշտ է մի նախագահ, որը կարող է ցուցադրել իր բնավորության ուժեղ կողմերը եւ լավ հարաբերություններ հաստատել դաշնակիցների հետ, ոչ թե մեղադրանքներ հնչեցնել նրանց հասցեին,- ասել է Ռամնին։ Հիշեցնենք, որ սա նման առաջին հայտարարությունը չէր։ Նախկինում էլ Ռամնին կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի եւ նրա ղեկավարության հասցեին։