Logo

Articles

Վրաստանի բանտում ծեծել եւ նվաստացրել են դատապարտյալներին

goreg 4Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ գիշեր եւ այսօր բողոքի լայնածավալ ակցիաներ են ընթանում: Պատճառը Գլդանի բանտում կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն էր, որի տեսագրությունը հանրությանը հասանելի էր դարձել: Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ բանտում բացահայտվել են բանտարկյալների հետ անմարդկային վերաբերմունքի փաստեր, ձերբակալվել են պատիժների իրականացման 10 աշխատակիցներ, այդ թվում բանտապետն ու նրա տեղակալը: ՆԳՆ-ն կարճ տեսագրություն էր դրել իր կայքում, սակայն ավելի ուշ ընդդիմադիր համարվող Մաեստրո եւ Իմեդի հեռուստաընկերությունները բանտում դաժան ծեծի եւ բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ իրենց տրամադրության տակ ունեն Գլդանսկի բանտում տեղի ունեցած դեպքերի ողջ նյութերը: Հեռուստաալիքները հաղորդել են, որ կադրերն իրենց է փոխանցել բանտի նախկին աշխատակիցը, ով ներկայումս Բելգիայում է գտնվում: Մասնավորապես, դատապարտյալներին, դաժանաբար ծեծելու, մահակներով եւ ավելներով բռնաբարելու մասին է հաղորդվել: Դրանից անմիջապես հետո բանտի մոտ 15 հազար մարդ է հավաքվել, այդ թվում՝ բանտարկյալների հարազատներ: Կադրերից մեկում հայազգի դատապարտյալ է, ով հայհոյում էր իրեն կտտանքների ենթարկողներին: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կատարվածի կապակցությամբ ասել է. -Այն, ինչ կատարվել է Գլդանի բանտում, վրդովեցուցիչ է` ուղղված մարդու արժանիքների եւ իրավունքների դեմ: Դա կազմակերպողները, կատարողները եւ թույլ տվողները արժանի են ամենախիստ պատժին, եւ նրանք բոլորը կկրեն այդ պատիժը, իսկ Պատիժների կրման եւ իրավաբանական աջակցության նախարար Խաթունա Կալմախելիձեն հրաժարական է տվել: Ոստիկանությունը այսօր հայ-վրացական սահմանին ձերբակալել է Դաթո Ակոբիային, ով նկարահանողներից մեկն է եղել: Ակոբիան փորձել է հատել սահմանը Սադախլոյի կողմից եւ անցնել Հայաստան:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.