Logo

Articles

Օբաման Ռամնիի ելույթի եւ մահմեդականների մասին

lettobama 3ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Դեւիդ Լեդըրմենի "Late Show" ծրագրին հյուրընկալության ժամանակ կարծիք է հայտնել, որ պետության ղեկավար դառնալ ձգտող յուրաքանչյուր ոք պետք է աշխատի բոլորի համար, այլ ոչ թե քաղաքացիների որոշակի խմբի: Այսպես է Օբաման մեկնաբանել իր մրցակից՝ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռամնիի սենսացիոն ելույթը՝ գաղտնի հանդիպման ժամանակ: Նախընտրական միջոցների հավաքման միջոցառումներից մեկի ժամանակ Միթ Ռամնին ասել էր, որ ընտրողների 47 տոկոսը, որն իրեն համարում է զոհ եւ կարծում է, որ կառավարությունը պետք է իր մասին հոգ տանի, ցանկացած դեպքում կքվեարկի Օբամայի օգտին: Ռամնին հավելել էր, որ իր գործը չէ այդ մարդկանց մասին հոգ տանելը, քանի որ նրանք ձրիակեր են: Բարաք Օբաման CBS-ի եթերում նաեւ անդրադարձել է արաբական աշխարհում բողոքի ալիք բարձրացրած Մուհամադ մարգարեի մասին Մուսուլմանների անմեղությունը ֆիլմին եւ նշել, թե դա չի կարող ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ բռնությունների արդարացում լինել: -Անշուշտ, մենք դատապարտում ենք այս վիրավորական տեսագրությունը, որին ԱՄՆ կառավարությունը բացարձակապես ոչ մի առնչություն չունի,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Օբաման ընդգծել է, որ բարեփոխումների ուղին բռնած Մերձավոր Արեւելքի երկրներին անհրաժեշտ է գիտակցել, որ ժողովրդավարությունը միայն ընտրությունների ժամանակ քվեարկելը չէ: -Ժողովրդավարությունը նաեւ խոսքի ազատության հարգումն է ու այլակարծիք մարդկանց հանդեպ հանդուրժողականությունը: Ես դա հստակ հասկացնել եմ տվել մի շարք երկրների առաջնորդների,- ասել է նախագահը՝ խոստանալով հետաքննել եւ պատժել Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության մեղավորներին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.