Logo

Articles

Օբաման նախազգուշացնում է Սիրիային

Created on Tuesday, 24 July 2012 23:10 Written by AMGA TV

obbbb 3Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է պատասխանատվություն կրի իր արարքի համար: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` Նեւադայում վետերանների հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ Սիրիայի արտգործնախարար Ջիհադ Մաքդիսին հայտարարել էր, որ իր երկիրը քիմիական զենք ունի եւ կարող է այն կիրառել արտասահմանյան ներխուժման դեպքում: -Այսօր մենք աշխատում ենք, որ սիրիացի ժողովուրդն ավելի լավ ապագա ունենա` ազատ Ասադի ռեժիմից: Հաշվի առնելով սիրիական վարչակարգի տիրապետության ներքո գտնվող քիմիական զենքի քանակությունը` մենք ցանկանում ենք, որ Ասադը եւ նրա մերձավորներն իմանան, որ աշխարհը նրանց է նայում, եւ նրանք պատասխան պետք է տան միջազգային հանրության եւ ԱՄՆ-ի առաջ այն դեպքում, եթե ճակատագրական սխալ թույլ տան` քիմիական զենք կիրառելով, - իր ելույթում ասել է Օբաման: Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վերահսկում է երկրի քիմիական զենքի պահեստը: Քարնին նշել էր, որ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում նա պատասխան պետք է տա իր արարքի համար: Պենտագոնն ու պետքարտուղարությունը Ասադին կոչ էին արել անգամ մտքով չանցկացնել քիմիական զենքի կիրառումը: Արեւմտյան երկրները կարծում են, որ Սիրիան ունի զարինի, մանանեխի գազի եւ ցիանիդների պաշարներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.