Logo

Articles

Աֆղանստանում ամերիկացի զինծառայողներ են զոհվել

Created on Monday, 09 July 2012 23:21 Written by AMGA TV

nato 5Աֆղանստանում ռումբերի պայթյունների եւ զինյալների հարձակումների հետեւանքով 30 մարդ է զոհվել, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի յոթ զինծառայողներ: ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը հայտնել է, որ յոթ զոհերն էլ ամերիկացիներ են եղել: Նրա խոսքով, Վարդակ նահանգում ամերիկացի վեց զինվորականներ զոհվել են ինքնաշեն ականի պայթյունից, որը տեղադրված է եղել երկրի արեւելքի ճանապարհներից մեկի վրա: Զինվորականները պատահաբար անցնելիս են եղել ճանապարհով, երբ որոտացել է պայթյունը: Երեկ ավելի վաղ համանման միջադեպի հետեւանքով զոհվել էր կոալիցիոն ուժերի եւս մեկ զինծառայող, եւ կրկին ամերիկացի: ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը առայժմ չի հաղորդում զոհված ամերիկացիների անունները, նախքան նրանց հարազատներին այդ մասին տեղեկացնելը: Բացի այդ, Աֆղաստանի տարբեր շրջաններում զոհվել են 16 խաղաղ բնակիչ, հինգ աֆղանցի ոստիկան եւ ՆԱՏՕ-ի երկու քաղաքացիական աշխատակից: Խաղաղ բնակիչները զոհվել են Կանդահարի նահանգում իրականացված մի շարք պայթեցումների հետեւանքով, իսկ ոստիկաններն սպանվել են երկրի հարավի Գիլմենդի նահանգում հսկիչ անցակետի վրա թալիբների հարձակման հետեւանքով: Նշենք, որ 2012թ. սկզբից ի վեր Աֆղանստանում զոհվել է ՆԱՏՕ-ի առնվազն 234 զինծառայող:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.