Logo

Articles

«Հարսնաքար» ռեստորանի մոտ անցկացվեց մոմավառության ակցիա

Created on Saturday, 30 June 2012 22:06 Written by AMGA TV

Va 2

va 1Va 3Va 4Va 5Va 6Երեւանում, այսօր՝ հունիսի 30-ին, երեկոյան ժամը ժամը 21-ին, «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը մոմավառություն էր կազմակերպել՝ ի հիշատակ «Հարսնաքարում» դաժան ծեծից մահացած Վահե Ավետյանի: News.am-ը գրում է. «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ էին հավաքվել հարյուրավոր քաղաքացիներ, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ» մակագրությամբ: Հավաքվածները մոմերը ձեռքներին, լուռ ոգեկոչում էին զոհված սպայի հիշատակը: Մարդիկ մոտենում էին եւ իրենց ձեռքի մոմերը տեղադրում «Հարսնաքարի» շենքի մոտ: Ակցիայի մասնակիցների թվում էին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցչներ, այդ թվում, «Ժառանգությունից»՝ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Լարիսա Ալավերդյանը, ՀՅԴ-ից՝ Հրայր Կարապետյանը, Լիլիթ Գալստյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ: Ակցիայի ընթացքում մոմավառությունը վերածվեց ցույցի եւ ներկաներն սկսեցին վանկարկել «Մարդասպան», «Արդարություն», «Հեռացիր»: Ակցիայի ակտիվիստներից Ծովինար Նազարյանը փողոցով անցնողներին կոչ էր անում. «Չմտնեք «Հարնսաքար», այնտեղ մարդ են սպանել»: Հնչում էին «Հարսնաքար» ռեստորանը փակելու, իսկ նրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու կոչեր: «Հարսնաքարի» պատին կարմիրով գրված էր «Հանցաքար»: Թեեւ ակցիայի կեսից սկսեց հորդառատ անձրեւ տեղալ, սակայն ներկաները շարունակում էին կանգնած մնալ: Մի պահ հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջեւ, քանի որ ոստիկանները փորձում էին հրելով հեռացնել մարդկանց: Սա առաջ բերեց ցուցարարների զայրույթը, որոնք սկսեցին վանկարկել. «Նեմեցի ոստիկաններ»: Տեսնելով, որ մարդկանց չեն կարողանում հեռացնել ռեստորանի մոտից, ոստիկանները մի պահ անջատեցին հեստորանի ներսի եւ դրսի լույսերը: Բողոքի ակցիայի վերածված մոմավառության ավարտին կոչ հնչեց վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին բողոքի ակցիա կազմակերպել նախագահական նստավայրի մոտ: Հավելենք, որ մինչ մարդիկ մոմավառություն էին անցկացնում զոհված սպայի հիշատակին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ընթանում էր հերթական տոնական միջոցառումը: Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 8 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.