Logo

Articles

Մեխիկոյի օդանավակայանում ոստիկաններն իրար են կրակել

Created on Wednesday, 27 June 2012 01:22 Written by AMGA TV

mex 2Մեքսիկայի դաշնային ոստիկանության երեք ծառայող զոհվել է Մեխիկոյի միջազգային օդանավակայանում թմրանյութերի անօրինական առեւտրի մեջ կասկածվող ոստիկանության երկու այլ ծառայողների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Երկրի իշխանությունների համաձայն, ոստիկանության զոհված ծառայողները փորձել են իրականացնել կասկածյալների ձերբակալությունը օդանավակայանի ռեստորանային համալիրում, երբ սկսվել է հրաձգությունը: Ոստիկանության ծառայողներից երկուսը մահացել են տեղում, երրորդը ստացված վնասվածքներից մահացավ հիվանդանոցում: Օդանավակայանի տեսախցիկների տեսագրությունների շնորհիվ հնարավոր է եղել պարզել կրակողների ինքնությունը, սակայն կասկածյալներին հաջողվել է հեռանալ դեպքի վայրից, եւ այժմ նրանք գտնվում են ազատության մեջ: Մեքսիկայի հասարակական անվտանգության նախարարության համաձայն, կան կասկածներ, որ կասկածյալներն անդամակցում են կոկաինի անօրինական շրջանառության մեջ ներգրավված պետական կոռումպացված պաշտոնյաների մի մեծ խմբի: Օդանավակայանի տնօրինությունը հայտարարել է, որ միջադեպը չի խոչընդոտել չվերթների իրականացմանը, միայն մի քանի ժամով փակ է եղել տվյալ ռեստորանը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը։ 2006 թվականից, երբ Մեքսիկայում նախագահ Ֆելիպե Կալդերոնը հրաման է արձակել երկրի զինված ուժերին վերահսկողություն հաստատել թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղված հանցախմբերի նկատմամբ, զոհվել է ավելի քան 50 հազար մարդ: Մեխիկոյի օդանավակայանի նման հասարակական վայրերում փոխհրաձգությունները սակայն հազվադեպ են տեղի ունենում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.