Logo

Articles

Սուդանցի կինը ժամանել է Հռոմ

Created on Thursday, 24 July 2014 23:41 Written by AMGA TV

ibrah 9Սուդանցի քրիստոնյա կինը՝ Մերիամ Իբրահիմը, ով մահվան էր դատապարտվել իր երկրում կրոնափոխ լինելու համար, ժամանել է Հռոմ: Իբրահիմին Իտալիա են տեղափոխել իտալական կառավարական օդանավով: 27-ամյա Մերիամ Իբրահիմին, Սուդանում գործող շարիաթի օրենքների համաձայն, դատապարտել էին մտրակի 100 հարվածի եւ կախաղանի: Դատավճիռը կայացնելու ժամանակ Մերիամը հղի է եղել երկրորդ երեխայով, ուստի մահապատիժը պետք է իրականացվեր երեխայի ծնունդից 2 տարի անց: Ըստ երկրի օրենքների՝ մայրը պետք է խնամի երեխային նվազագույնը մինչեւ 2 տարի: Մերիամին մեղադրում էին հավատուրացության եւ քրիստոնյա ամուսին ընտրելու համար: Սակայն կինը պնդում էր, որ ինքը երբեք էլ մահմեդական չի եղել, նրա մահմեդական հայրը լքել է ընտանիքը, երբ ինքը նոր է ծնված եղել, իսկ քրիստոնյա մայրը նրան դաստիարակել է որպես քրիստոնյայի: Մերիամի փրկության համար մեծացել էր միջազգային ճնշումը Սուդանի վրա, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերընը հայտարարել էր, որ իր երկիրը կդադարեցնի տնտեսական օգնություն տրամադրել Սուդանին, եթե կինն ազատ չարձակվի: Մերիամն իր ընտանիքի հետ այժմ Հռոմում է: Նրա ետեւից Իտալիան ուղարկել է կառավարական ինքնաթիռը, որի մեջ կնոջ ընտանիքին դիմավորելու է գնացել երկրի փոխարտգործնախարարը: Մերիամին ազատ էին արձակել հունիսի 23-ին, երբ վերաքննիչ դատարանն արդարացրել էր նրան: Հաջորդ օրը նա իր ընտանիքի հետ փորձել է մեկնել Միացյալ Նահանգներ, սակայն օդանավակայանում ձերբակալվել էր իր ընտանիքի հետ: Վերջին մեկ ամիսը Մերիամն իր ընտանիքի հետ բնակվելիս է եղել Խարթումի ամերիկյան դեսպանատան տարածքում՝ խուսափելով կառավարության կամ հասարակ մահմեդականների հետապնդումներից: Նրա ամուսինը քրիստոնյա է, ով ունի Միացյալ Նահանգների քաղաքացիություն

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.