Logo

Articles

Օհայոյում դատապարտեցին Արիել Կաստրոյին

castro 4Քլիվլընդյան մոլագար անունն ստացած Արիել Կաստրոն այսօր՝ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ գումարած 1000 տարվա ազատազրկման: Դատավորի խոսքով, նա այլեւս երբեք դուրս չի գա բանտից: Դատարանում խոսել է նաեւ չարագործը, ով ասել է, թե ինքը հրեշ չէ, այլ հիվանդ եւ պոռնոգրաֆիայի վրա ցնդած անձնավորություն է: Նրա երեք զոհերից դատարան եկել էր միայն Միշել Նայթը, ում Կաստրոն ամենաերկարը՝ 11 տարի էր պահել գերության մեջ: Կինը խոսել է դատարանում եւ ասել, որ այս տարիները իր համար դժոխք էին: Նա հույս է հայտնել, որ ապագան դժոխք կլինի Կաստրոյի համար: Կաստրոյի երեք զոհերը սեքսուալ գերության բոլոր 10 տարիների ընթացքում իրենց օրագրերն են լրացրել: Օհայո նահանգի փաստաբան Թիմ Մըկգինտիի հաղորդմամբ` դպրոցական ավտոբուսի նախկին վարորդի զոհերը իրենց օրագրերում մանրամասն նկարագրել են այն բոլոր տանջանքներն ու ստորացումները, որոնց միջով անցել են գերության երկար ու ձիգ տարիների ընթացքում: -Նրանք իրենց օրագրերում գրել են, թե ինչպես են իրենց փակի տակ շղթայակապ պահում առանձին սենյակներում, ծեծում եւ բռնաբարում ամեն օր, թաքցնում արտաքին աշխարհից: Նրանք ամեն օր օրագիր են լրացրել, որ չհասնեն խելագարության,- պատմել է Մըկգինտին: Հիշեցնենք, որ Արիել Կաստրոն առեւանգել եւ 10 տարի սեքսուալ գերության մեջ էր պահել 3 աղջիկների` Ջինա Դեհեսուսին, Ըմենդա Բերրիին եւ Միշել Նայթին: Դեպքը բացահայտվել էր հարեւանի շնորհիվ: Կաստրոն ձերբակալվել եւ մեղադրվել է բռնաբարության, պարբերաբար դաժան ծեծի ենթարկելու եւ սպանության մեջ: Նրա զոհերի օրացույցներից պարզ է դառնում, որ գերուհիների մոտ ծեծի հետեւանքով 5 անգամ արհեստական վիժում է տեղի ունեցել: Չնայած դաժան պայմաններին` գերուհիներից մեկը այս պայմաններում երեխա էր ունեցել: Կաստրոն օրեր առաջ իրեն մեղավոր էր ճանաչել 937 կետերով, սակայն գործարքի շնորհիվ խուսափել էր մահապատժից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.