Created on Thursday, 11 July 2013 01:49 Written by AMGA TV
Կոլումբիայի իշխանությունները ԱՄՆ-ին են արտահանձնել թմրաբարոն Դանիել Բարերային, որը հայտնի է El Loco` Խելագար մականունով: Նյու Յորքի դաշնային երկու դատարաններ Բարերային հեռակա կարգով թմրանյութերի մաքսանենգության մեղադրանք էին առաջադրել: Համանման մեղադրանքներ նրան նաեւ Ֆլորիդայում են ներկայացրել: Հայտնի չէ, թե այդ նահանգներից որում կդատվի թմրավաճառը: Բարերային կալանավորել էին 2012թ. սեպտեմբերին Վենեսուելայում՝ կոլումբիական անվտանգության ուժերի գործողության ընթացքում, որոնց աջակցում էին ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: Ավելի ուշ իրավապահ մարմինները հայտարարել էին, որ արդարադատությունից թաքնվող Բարերան մի քանի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, նաեւ ծծմբաթթվով փորձել է այրել մատների ծայրերը՝ մատնահետքերի նույնականացումը անհնար դարձնելու նպատակով: Վենեսուելայի իշխանությունները նաեւ Բարերային պատկանող մի քանի առանձնատներ, ագարակներ եւ բնակարաններ էին առգրավել, նաեւ՝ զբոսանավ եւ 48 ավտոմեքենաներ: Ավելի ուշ հանցագործին հանձնել էին Կոլումբիային: Բարերան մինչեւ բռնվելը Կոլումբիայի ամենաորոնվող հանցագործն էր: Նրա մասին տեղեկության համար այդ երկրի իշխանությունները 2,7 մլն դոլար էին խոստանում, հինգ միլիոն էլ ԱՄՆ-ն էր խոստանում: