Created on Tuesday, 28 May 2013 01:29 Written by AMGA TV
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է թորնեյդոյից տուժած Օկլահոմա նահանգ, որտեղ բնական տարերքից տուժել էր մոտ 400 մարդ, իսկ 26 մարդ, այդ թվում` 10 երեխաներ մահացել էին: Ըստ փորձագետների` թորնեյդոյի հասցրած նյութական վնասը կարող է հասնել 2-ից 5 մլրդի: Նախագահը Օկլահոմայում խոստացել է օգնել թորնեյդոյից տուժածներին: Օբաման խոստովանել է, որ ավերածության մասշտաբներն այնպիսին են, որ դեռեւս դժվար է գնահատական տալ: Նա երախտագիտություն է հայտնել այն բազմաթիվ մարդկանց, ովքեր մասնակցել են փրկարարական եւ վերականգնողական օպերացիաներին, եւ ցավակցություն է հայտնել նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ու մտերիմներին: Օբաման հայրենակիցներին կոչ է արել օգնություն ցուցաբերել տուժածներին: Նա ասել է արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության հեռախոսահամարն ու մի քանի համացանցային հասցեներ, որոնցով կարելի է նվիրատվություն կատարել: -Ցանկացած դեպքում ես երաշխավորում եմ, որ եթե դուք բախվել եք լուրջ ավերածությունների կամ աղետը Ձեզ ինչ-որ կերպ վնաս է պատճառել, կան մասնագետներ, որոնք պատրաստ են եւ ձգտում են Ձեզ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել,- նշել է նախագահը: Նա վստահություն է հայտնել, որ աղետի հիմնական հարվածը կրած Մոր քաղաքի բնակիչները ողբերգություններից ավելի ուժեղացած դուրս կգան: Նա վստահեցրել է, որ միշտ տուժածների հետ կլինի: