Logo

Articles

Կոնգրեսը կանխեց հարկային ճեղքվածքը

Created on Friday, 04 January 2013 23:53 Written by AMGA TV

karrey 5 ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները հավանություն են տվել հարկային ճեղքվածքը կանխող նախագծին, որն ամերիկացիների մեծ մասին կփրկի հարկերի բարձրացումից: Օրինագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ` 257-ը 167-ի դեմ, ինչը դարձել է ԱՄՆ վերընտրված նախագահ Բարաք Օբամայի տրիումֆը: Օբաման Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում նշել է, որ հիմա նա կարող է ստորագրել օրենքն, որը բարձրացնում է հարկերը միայն 2% հարուստ ամերիկացիների համար, միեւնույն ժամանակ` կանխելով հարկերի բարձրացումը, որը կարող է ԱՄՆ տնտեսությունը հետ մղել դեպի անկում: Դրանից մեկ օր առաջ համաձայնագրին հավանություն էր տվել նաեւ Սենատը: Համաձայն ստորագրված համաձայնագրի` ԱՄՆ-ում տարեկան 400 հազար դոլարը գերազանցող եկամուտ ունեցող քաղաքացիները չեն ազատվում եկամտահարկից: Օրինագծի ընդունման արդյունքում բյուջեի ավտոմատ արգելականքը կլինի 2013-2021 թվականներին ԱՄՆ բյուջեի ընդհանուր ծախսերի` 1,2 տրիլիոն դոլարով կրճատումն երկու ամսով հետաձգելը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է օրինագծի ընդունումը եւ նշել, որ դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ ձեռք բերված համաձայնությունը համապատասխանում է իր նախագահական ընտրարշավի նպատակներին՝ միջին խավի համար հարկային բեռի թեթեւացմանը եւ հարուստների հարկային բեռի ավելացմանը: Եթե երկու կուսակցությունների միջեւ համաձայնություն չկայանար, եւ գործարքը տապալվեր, դա կնշանակեր ԱՄՆ դաշնային բյուջեի՝ 109 մլրդ դոլարով ինքնըստինքյան կրճատում եւ ընդհանուր առմամբ 536 մլրդ դոլար հարկերի ավելացում, ինչը կարող էր ԱՄՆ տնտեսությունը տանել նոր ռեցեսիայի: Սակայն ձեռք բերված համաձայնությունը ժամանակավոր բնույթ ունի. այն բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցը հետաձգում է ընդամենը երկու ամսով:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.