Logo

Articles

Լիբիայում դեսպանի մահվան պատասխանատվությունը

Created on Wednesday, 19 December 2012 23:45 Written by AMGA TV

beng 6Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ-ի դեսպանի եւ հյուպատոսության երեք աշխատակիցների սպանության համար պատասխանատվություն է կրում պետքարտուղարությունը: Նման եզրահանգման է եկել անկախ հանձնաժողովը, որը հետաքննել է 2012 թ. սեպտեմբերի 11-ին Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման հանգամանքները: Հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ պետդեպի կենտրոնական համակարգի աշխատանքի պարբերաբար ձախողումները, դրա ստորաբաժանումների միջեւ պատշաճ փոխազդեցության բացակայությունը հանգեցրել են նրան, որ չի հաջողվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Բենղազիում հյուպատոսության անվտանգությունն ապահովելու եւ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակմանը պատշաճ կերպով արձագանքելու համար: Զեկույցում ընդգծվում է, որ պետդեպի կենտրոնական համակարգի ոչ բավարար աշխատանքը պետք է հանգեցնի համապատասխան եզրակացությունների:Գործը քննող հանձնաժողովը զեկույց է հրապարակումից հետո հրաժարականներ են ներկայացրել Հիլարի Քլինթընի դիվանագիտական անվտանգության հարցերով տեղակալ Էրիկ Բոսուելը և դեսպանությունների պաշտպանության հարցերով պետքարտուղարի 2-րդ տեղակալ Շարլին Լեմբը, ինչպես նաև 3-րդ աշխատակիցը, ում անունը հրապարակված չէ: Զեկույցում նշվում է, որ հենց այդ ստորաբաժանումների ոչ լիաչժեք աշխատանքի արդյունքն է Բենղազիում կատարվածը: Զեկույցում բացասական գնահատականի են արժանացել նաեւ լիբիացի իրավապահ մարմինները եւ ընկերության աշխատակիցները, որոնց պայմանագրով վարձել էին հյուպատոսության անվտանգությունն ապահովելու համար: Իսկ Բենղազիի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներն իրենց դրսեւորել են լավագույն կերպով: Հանձնաժողովի զեկույցում ապացուցվում է նաեւ այն փաստը, որ սեպտեմբերի 11-ին Բենղազիի հյուպատոսության մոտ որեւէ բողոքի ակցիա չի եղել, իսկ հյուպատոսության վրա հարձակումը եղել է մանրամասն ծրագրավորված գործողություն: Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին եւ ստորին պալատների արտաքին գործերով կոմիտեների համատեղ նիստում քննարկվելու են Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման հանգամանքները: Ակնկալվում էր, որ նիստին մասնակցելու է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, սակայն նա ստիպված է բաց թողնել այս միջոցառումը առողջական խնդիրների պատճառով:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.