Created on Tuesday, 09 October 2012 23:39 Written by AMGA TV
Լոնդոնյան Թեյթ Մադերն ժամանակակից արվեստի պատկերասրահի այցելուներից մեկը հոկտեմբերի 7-ին փչացրել է նախորդ դարի ամերիկացի հայտնի նկարիչ Մարկ Ռոտկոյի կտավը: Վանդալը ռուս նկարիչ Վլադիմիր Ումանեցն է եղել, որը հայտարարել է, որ իր արարքը կոնցեպտուալ է: Ցուցահանդեսը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Նկարը անձամբ Ռոտկոն էր նվիրել ցուցահանդեսին` իր մահվանից քիչ ժամանակ առաջ` 1970 թվականին: Այն գնահատվում է 50 միլիոն եվրո:Ինչպես պատմել են ականատեսները, այցելուներից մեկը հանգիստ նստած է եղել նստարանին, դիտել նկարները: Այնուհետեւ նա կտրուկ վեր է կացել, մոտեցել Ռոտկոյի նկարին եւ վրձնով ներքեւի ձախ անկյունում սեւով գրել է. Vladimir Umanets, A Potential Piece of Yellowism: Դրանից հետո նա արագ լքել է պատկերասրահը: Լրագրողները գտել են Վլադիմիր Ումանեցին, որը աղքատ եւ անտուն նկարիչ է: Նա բացատրել է, որ իր ակցիայով ցանկացել է միայն ուշադրություն հրավիրել յելոիզմ հայեցակարգին, որը մշակել է իր ընկեր նկարիչ Մարցին Լոդիգայի հետ: Նա նշել է, որ մտադիր է փնտրել եւս մի քանի հայտնի ստեղծագործություններ, որպեսզի դրանք եւս ընդգրկի այդ հայեցակարգում: Նկարիչը վստահ է, որ իր արարքից հետո նկարները դառնում են ավելի արժեքավոր: Տղամարդը Լոնդոն էր եկել մի քանի տարի առաջ: Այժմ նա հավաքարար է աշխատում: Լոնդընի ոստիկանությունը կալանավորվել է 26-ամյա ռուսաստանցուն եւ մեղադրանք առաջադրել: Նշենք, որ ծնունդով Ռուսական կայսրությունից Մարկ Ռոտկոն XX դարի առաջատար նկարիչներից է: 2012 թվականի մայիսին նրա Նարնջագույն, կարմիր, դեղին նկարը Christie`s աճուրդում վաճառվել էր 86,9 միլիոն դոլարով: