Written by AMGA TV
Մոսկվայի մարզի Պուշկինի քաղաքային դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել կողոպուտի նպատակով իր ուղեւորներին թունավորած տաքսու վարորդ Արմեն Փանոսյանին: Քննության համաձայն` 2011թ.-ի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում Փանոսյանն իր ուղեւորներին հյուրասիրել է հոգեմետ դեղով ալկոհոլային խմիչքներ, իսկ երբ նրանք կորցրել են գիտակցությունը, թալանել է նրանց: Իր առաջին զոհին Փանոսյանը թողել է գերեզմանատանը` առանց վերնաշապիկի` չնայած ցուրտ եղանակին: Տուժածը ցրտահարությունից մահացել էր: Երկու այլ տուժածներ մահացել էին հոգեմետ դեղերից թունավորման հետեւանքով: Մեկ ուղեւորի նա թողել է ջրամբարի մոտ, վերջինս էլ, լինելով հոգեմետ դեղերի ազդեցության տակ, ընկել է ջրամբարն ու խեղդվել: Քննելով քրեական գործի նյութերը` դատարանը Փանոսյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման: Դատարանը նաեւ պարտավորեցրել է տաքսիստին զոհերի ընտանիքներին վճարել 700 հազ ռուբլի փոխհատուցում, 2.5 մլն էլ` բարոյական վնասի համար:
Written by AMGA TV
Այսօր ժամը 19.40-ի սահմաններում Ոստիկանության Չարենցավանի բաժնից հայտնել են Կոտայքի մարզի փրկարար ծառայություն, որ Չարենցավանից դեպի Ալափարս տանող ճանապարհի ձախ հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, իսկ այժմ չգործող կաթսայատանը պայթյուն է եղել, եւ փլատակների տակ մահացած մարդ կա: Ժամանած փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երիտասարդի մարմնի մի մասը եւ այն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Կոտայքի մարզի դիահերձարան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է մարմնի մյուս կտորները: Դժբախտ պատահարի հետեւանքով մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 23-ամյա Հովհաննես Բաբայանն էր, ով փորձում էր մի քանի հոգու հետ կաթսայատան ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել: Եթե կաթսայատան ապամոնտաժման աշխատանքների ժամանակ պահպանվեին անվտանգության կանոնները, ապա ողբերգություն չէր լինի: Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:
Last Updated on Friday, 15 June 2012 03:54
Hits: 4408
Written by AMGA TV
Գողության մեջ կասկածվող երեք անձինք այսօր առավոտյան հանձնվել են ոստիկանությանը, երբ ներխուժել էին Burlington Coat Factory եւ պատանդ վերցրել առվազն վեց աշխատակիցների: 3150 W. Imperial Highway հասցեում գտնվող ընկերության աշխատակիցը ժամը 7:10-ին զանգահարել էր 911 եւ հայտնել, որ դիմակավորված անձինք մտել են հանրախանութի տարածք: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հատուկ ուժեր են հրավիրել, իսկ բանակցողները կասկածյալների հետ խոսել են հեռախոսով: Հանցագործներն ասել են, որ պատրաստ են հանձնվել, սակայն չեն կարողանում բացել ապակե դուռը: Ի վերջո ոստիկանները կոտրել են ապակին եւ ձեռնաշղթաներ հագցրել բոլորին: Այնուհետ հարցաքննել են նրանց եւ պարզել, թե ովքեր են երեք կասկածյալները: Առավոտյան ժամը 9:30-ին տարածքն արդեն մաքրված է եղել, իսկ հարնախանութը անցել է սովորական աշխատանքային մթնոլորտին:
Last Updated on Friday, 15 June 2012 03:38
Hits: 4457
Written by AMGA TV
Դատախազությունը նախկին սենատոր Ջոն Էդվարդսի վրայից հանել է բոլոր մեղադրանքները։ Հիշեցնենք, որ Էդվարդսը մեղադրվում էր 2008թ․-ի նախագահական ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամի գումարներն անօրինական ծախսելու մեջ։ Հիշեցնենք, որ այդ ընտրությունների ժամանակ Էդվարդսը փոխնախագահի թեկնածու էր։ Ըստ մեղադրանքի, 58-ամյա գործիչը գումարները ծախսել է իր սիրուհու վրա: Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք չեն պատրաստվում պնդել Էդվարդսի գործի կրկնակի քննություն անցկացնել, որով նրան սպառնում էր 30 տարվա ազատազրկում եւ 1.5 միլիոն դոլարի տուգանք։ Մինչ այդ երդվյալ ատենակալները նրան արդարացրել էին մի շարք այլ մեղադրանքներով։
Last Updated on Friday, 15 June 2012 03:48
Hits: 4400
Written by AMGA TV
Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Լուիզիանայում` հայտնվելով ուժեղ մրրկայնության գոտում: Միջադեպի հետեւանքով 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լուիզիանայի Lake Charles օդանավակայանում: Ինքնաթիռը հայտնվել է ուժգին մրրկայնության գոտում, եւ ստիպված է եղել շրջվել ու վայրէջք կատարել: Boeing-ում 76 ուղեւոր, 2 օդաչու եւ անձնակազմի 3 այլ անդամներ են եղել: Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ որոնցից 3-ը եղել են բորտուղեկցորդներ: Երբ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, չվերթը շարունակվել է, եւ ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում:
Last Updated on Friday, 15 June 2012 03:29
Hits: 4052