Written by AMGA TV
Ավստրալացի եւ ինդոնեզիացի նավաստիներին հաջողվել է փրկել 110 մարդու կյանք, որոնք ուղեւորվում էին Հնդկաստանից դեպի Ավստրալիա եւ Հնդկական օվկիանոսում նավաբեկության էին ենթարկվել: Ինչպես հայտարարել է Ավստրալիայի ներքին գործերի նախարար Ջեյսըն Քլերը, բոլոր փրկվածները հասուն տղամարդիկ են ու 13-ամյա մի դեռահաս: Նավաստիները հայտնաբերել են նաեւ խեղդվածների 3 դի: Նախարարն ասել է, որ առայժմ չի կարող ասել զոհվածների հստակ թիվը, սակայն, դատելով նախնական տվյալներից, նավում գտնվել է շուրջ 200 մարդ: Առաջինը աղետի մասին հայտնել էին ավստրալացի օդաչուները, որոնք օվկիանոսում տեսել էին շրջված նավը, որից հուսահատորեն կառչել էին մարդիկ: Ավստրալիայի եւ Ինդոնեզիայի փրկարար ծառայության փրկարարներն անհապաղ անցել էին մարդկանց փրկելու գործին, որը շարունակվում է մինչ այս պահը։
Written by AMGA TV
Բասկետբոլի Մայամի Հիթ թիմը երեկ երեկոյան հռչակվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության չեմպիոն՝ գերեզրափակիչում առավելության հասնելով Օքլահոմա Սիթի Թանդըրի նկատմամբ։ Գերեզրափակիչ շարքի 5-րդ խաղում Մայամիի բասկետբոլիստները հաղթանակ տարան 121։106 հաշվով՝ շարքի հաշիվը հասցնելով 4։1-ի։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Քեւին Դյուրանթը` վաստակելով 32 միավոր: Մայամիի լավագույն խաղացող Լեբրան Ջեյմսը, վաստակել է 26 միավոր։ Նա ճանաչվել է նաեւ գերեզրափակիչ շարքի ամենաարդյունավետ խաղացող։ Մայամին 2-րդ անգամ է հաղթում NBA-ի առաջնությունը: Առաջին անգամ նրանք հաղթել են 2006թ: Անցյալ տարի Հիթը նույնպես հասել է եզրափակիչ, սակայն պարտվել է Դալլըս Մավըրիքսին: Հարձակվող Լեբրոն Ջեյմսը խոստովանել է, որ այսօր իրականացել է իր երազանքը: -Նախորդ տարի ես ատելությամբ էի խաղում: Դա սխալ ճանապարհ էր: Այսօր ես խաղում էի սիրո զգացումով: Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրն է: Սա բոլոր հարցերի պատասխանն է: Ես դժվար որոշում կայացրի, երբ հեռացա Քլիվլընդից, սակայն հասկանում էի, որ այստեղ է իմ ապագան: Իմ լուսավոր ապագան: Այստեղ իմ երազանքն իրականացավ,-ասել է Ջեյմսը:
Written by AMGA TV
Բոլիվիայի ոստիկանության էլիտար ջոկատի շուրջ 40 աշխատակիցներ գրավել են նախագահական պալատից 100 մետր հեռավորության վրա գտնվող զորամասերը: Հատուկջոկատայինների հետ ապստամբությանը մասնակցում են նաեւ նրանց կանայք: Ոստիկաններն այսօր գրավել եւ բառացիորեն ավիրել են Լա-Պասում հետախուզության ծառայության շենքը: Ականատեսների վկայությամբ, ոստիկանները շենքից հանել եւ այրել են հետախուզության ծառայության ողջ թղթային արխիվը, նաեւ կոտրել են համակարգիչները: Այդ շենքում է գտնվում Ինտերպոլի գրասենյակն ու ոստիկանների կարգապահական տրիբունալը, որոնք եւս տուժել են: Այս ամենը տեղի է ունեցել նախագահական նստավայրից 100 մետր հեռավորության վրա: Խռովությունը բարձրացրել են ոստիկանության մարտավարական-օպերատիվ ջոկատի աշխատակիցները: Հատուկջոկատայինները բողոքում են, որ իրենց նվազագույն աշխատավարձը 178 դոլար է: Ընդ որում, զինվորականները, նրանց խոսքերով, երկու անգամ ավելի են ստանում: Ապստամբները փակել են նախագահական պալատ տանող ճանապարհը: Այս պահին երկրի նախագահ Էվո Մորալեսը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում: Զորամասերի գրավումը չորեքշաբթի սկսված ոստիկանության համազգային բողոքի ակցիայի գագաթնակետն է: Բացի վարչական մայրաքաղաք Լա Պասից, խռովություններ են սկսվել նաեւ Սուկրեում, Օրուրոյում, Պոտոսիում, Կոչաբամբայում եւ Սանտա Կրուզում:
Last Updated on Saturday, 23 June 2012 01:23
Hits: 4146
Written by AMGA TV
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մոտակայքում, Քարղա լճի մոտ գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ թալիբների կողմից իրականացված գրոհի պատճառով զոհվել է առնվազն 18 մարդ: Իշխանությունների համաձայն, Սփոժմանի հյուրանոցի այսօր առավոտյան ավարտված՝ 12 ժամ տեւած գրոհի ընթացքում զոհվել է հյուրանոցի երեք պահակ, ոստիկանության ծառայող եւ քաղաքացիական 12 անձ: Ձերբակալվել են հինգ ահաբեկիչներ: Թալիբների գրոհայիններն ու ինքնասպան ահաբեկիչները պատանդ էին վերցրել քաղաքացիական անձանց, ներառյալ կանանց եւ երեխաների: Մինչեւ գրոհի ավարտը Աֆղանստանի անվտանգության ուժերն ազատ են արձակել պատանդ վերցրած 35 անձանց: Անվտանգության ուժերի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ոչնչացվել են հյուրանոցի գրոհն իրականացրած բոլոր զինյալները: Թալիբների խոսնակի համաձայն, թալիբները պատասխանատվություն են ստանձնել այս հարձակման համար, որի թիրախը եղել է օտարերկրացիների կողմից օգտագործվող հյուրանոցը: Երկրի ոստիկանությունը հայտնել է, որ նռնակներով եւ Կալաշնիկովի ինքնաձիգներով զինված թալիբների զինյալները հարձակում են կատարել Քարղա լճի ափին գտնվող հյուրանոցի վրա, որտեղ բազմաթիվ հյուրեր եւ ընտանիքներ հավաքվել էին՝ խնջույք անցկացնելու համար:
Written by AMGA TV
Մեքսիկայի ծովային հետեւակը ձերբակալել է ամենահայտնի թմրաբարոնի` Խոակին Էլ Չափո Գուզմընի որդուն` Հեսուս Ալֆրեդո Գուզմըն Սալազրին: 26-ամյա Գուզմընը, ներկայումս գլխավորում էր Սինալոա թմրակարտելը: Նրա ձերբակալության ժամանակ մեծ քանակությամբ զենք, գումարներ, մի քանի ավտոմեքենաներ եւ անձը հաստատող բազմաթիվ փաստաթղթեր են հայտնաբերվել: Նրա հետ միասին ձերբակալվել է կարտելի անդամներից եւս մեկը: ԱՄՆ մի քանի նահանգներում Հեսուս Գուզմընին հետախուզում էին հայտարարել, նրան, ինչպես եւ հորը մեղսակից են համարում թմրանյութերի առաքման մեջ: 2011թ. դեկտեմբերից մեքսիկական իշխանությունները ոչնչացրել են Էլ Չափոյի կարտելի 12 ազդեցիկ դեմքերի: 1993թ. Խոակին Գուզմընը ձերբակալվել էր եւ դատապարտվել 20 տարվա ազատազրկման, սակայն կարողացել էր փախուստի դիմել 2001թ., երբ իմացել էր, որ իրեն հանձնելու են ԱՄՆ-ին: Էլ Չափոյի ունեցվածքը գնահատվում է մոտ 5 մլրդ դոլար: Մայիսին ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ էին մտցրել նրա երկու որդիների Իվանի եւ Օվիդիոյի դեմ: Գուզմընի որդիները պաշտոնապես մտցվել են ԱՄՆ թմրավաճառների ցանկում: