Written by AMGA TV
Թուրքիան սկսել է Սիրիայի հետ սահմանին հակաօդային պաշտպանության ուժեր կենտրոնացնել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, 30 տրանսպորտային միջոցներից բաղկացած շարասյունը, այդ թվում` հրթիռային մարտկոցներով, Իսկենդերուն քաղաքից ուղեւորվել են Հաթայ նահանգ, այնտեղից էլ Սիրիայի հետ սահման: Սահմանի մոտ կենտրոնացրել են նաեւ զրահատանկային ուժեր, տանկային մեծ խումբ է ուղեւորվել Քըլըս նահանգ, ուժերի կենտրոնացում է նկատվում նաեւ Շանլըուրֆա նահանգում: Որոշ լրատվամիջոցներ նշել են, թե Հաթայ նահանգում նաեւ հրետանային զորամասեր եւ համազարկային կրակի համակարգեր են տեղակայվել, Թուրքիան ակտիվորեն պատրաստվում է հնարավոր ռազմական գործողություններին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հաստատել է զորքերի կենտրոնացումը սահմանամերձ գոտում` դա պատճառաբանելով անվտանգության անհրաժեշտ միջոցներով: Թուրքական կողմը, ըստ նրա, առայժմ զերծ կմնա հարձակումից, եթե Սիրիան հարձակում չձեռնարկի Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել էին, երբ հունիսի 22-ին սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական կործանիչ էին խփել: Թուրքերը պնդում են, որ ինքնաթիռին խփել են չեզոք տարածքում, իսկ Ասադի կառավարությունը պնդում է, թե խախտվել էր իրենց օդային տարածքը:
Last Updated on Thursday, 28 June 2012 15:47
Hits: 4038
Written by AMGA TV
Բնական հրդեհների պատճառներով ԱՄՆ-ի Կոլորադո նահանգից տարհանվածների թիվը արդեն կազմել է 32 հազար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 11 հազար տարհանվածների մասին։ Բնական հրդեհը անցյալ շաբաթ մոլեգնել է Կոլորադոյի արեւելյան մասում։ Կրակի արագ տարածմանը նպաստում է չոր եւ քամոտ եղանակը։ Ներկայումս Կոլորադո-Սփրինգս քաղաքի մերձակայքում կրակի ճիրաններում են գտնվում մոտ 2,5 հազար հեկտար տարածք, կրակն արդեն անցնում է քաղաքի թաղամասերին, եւ հրշեջներին որեւէ կերպ չի հաջողվում այն վերցնել վերահսկողության տակ: Բացի Կոլորադո-Սփրինգսի բնակիչներից, տեղական իշխանությունները ստիպված են եղել տարհանել նաեւ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիան: Հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Էնն Ռիս-Սիկորին նշել է, թե հրդեհի պայմանները ամենավատն են, իրենք չեն կարողանում առնել կրակի դեմը, թեեւ հրդեհաշիջման աշխատանքներին արդեն մասնակցում են մի քանի հազար բրանդմայստերներ եւ շուրջ 70 միավոր ավիատեխնիկա, այդ թվում` ուղղաթիռներ, լիցքավորող ինքնաթիռներ: Արտակարգ իրավիճակ է հայտարարել նաեւ Էլ-Պասո շրջանի իշխանությունը, քանի որ նրանց չի հաջողվում միայնակ պայքարել կրակի դեմ։ Ներկայումս Կոլորադո նահանգի տարածքում 6 խոշոր հրդեհ է մոլեգնում:
Last Updated on Thursday, 28 June 2012 03:56
Hits: 4198
Written by AMGA TV
Ուկրաինայից արտաքսվել է հայազգի օրենքով գող Էդուարդ Ասատրյանը, ով հայտնի է Օսետրինա-ավագ եւ Էդիկ Թբիլիսցի մականուններով: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող Ասատրյանին արգելվել է վերադառնալ Ուկրաինա 3 տարվա ընթացքում: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով` Ասատրյանն Ուկրաինա էր այցելել քրեական կապեր հաստատելու, իր ենթակայության տակ գտնվող հանցավոր խմբերի գործունեությունն ընդարձակելու, հանցավոր աշխարհում ազդեցության ոլորտները վերաբաշխելու նպատակով: Նրան ձերբակալել են Ղրիմում: Իրավապահների տվյալներով` Օսետրինա-ավագը համարվում է Մոսկվայում վրացական հանցավոր միության ֆինանսիստն ու քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի վստահված անձը: Նրա որդին` Սերգեյ Ասատրյանը, նույնպես օրենքով գող է եւ հայտնի է Օսետրինա- կրտսեր ու Սերյոժա-Բենթլի մականուններով:
Last Updated on Thursday, 28 June 2012 03:44
Hits: 4206
Written by AMGA TV
Տավուշի մարզի Նավուր գյուղում, այսօր, ժամը 12:30-ի սահմաններում, սարսափելի դեպք է գրանցվել: Ամուսիններ Վալենտին Սարգսյանը եւ Լիանետա Պետրոսյանը վիճել են, ինչի արդյունքում կինը գնացել է հայրական տուն: Զայրացած ամուսինը գնացել է կնոջ ետեւից եւ սպառնացել, որ կպայթեցնի իր մոտ գտնվող նռնակը: Նա հարցերը որոշել է լուծել նռնակի օգնությամբ եւ այն նետել է աներոջ տան մեջ:Նշենք, որ նռնակի պայթյունից զոհվել է 3 մարդ` 53-ամյա Վալենտին Սարգսյանը, կինը՝ 52-ամյա Լիոնետա Պետրոսյանը, աներորդու կինը՝ 61-ամյա Թամարա Հարությունյանը, իսկ աներորդին՝ 62-ամյա Բորիս Պետրոսյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հայտնի է, որ Վալենտին Սարգսյանը նախկինում դատված է եղել թմրանյութերի օգտագործման համար: Գյուղացիները հայտնել են, որ նրանք հաշտ ամուսիններ են եղել, սակայն մի քանիսը նշել են, որ Վալենտին Սարգսյանը հիվանդագին խանդոտ է եղել, վերջին շրջանում էլ խիստ տարօրինակ է պահել իրեն, անգամ գերեզման է փորել իր համար:
Written by AMGA TV
Բրիտանական Մեծ Մանչեսթեր կոմսությունում գտնվող Օլդհեմ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել: Միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ երեխա: Եւս մեկ մարդու այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նա մարմնի 80 տոկոսը այրվածքներ ունի եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Պայթյունը տեղի է ունեցել Շոու շրջանում: Պայթյունից լրջորեն վնասվել են մի քանի բնակելի տներ: Ներկայումս փրկարարները վարժեցրած շների միջոցով որոնում են հնարավոր տուժածներին: Մանչեսթերի իշխանությունները հայտնել են, որ մի քանի տներ ամբողջությամբ ոչնչացվել են: Առայժմ հայտնի չէ տուժածների իրական թիվը: Ենթադրաբար պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը, համենայն դեպս փորձագետներն այլ վարկած այս պահին չունեն: Շրջանում հարյուրավոր տների բնակիչներ տարհանվել են: Օլդհեմ քաղաքը գտնվում է Մանչեսթերից մի քանի մղոն հեռավորության վրա, քաղաքը հայտնի է նրանով, որ 1978թ. այստեղ է ծնվել արհեստական բեղնավորմամբ սաղմնավորված առաջին մարդը: