Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ Ժիրայր Սեֆիլյանի, ով 2006 թվականի դեկտեմբերին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով եւ մինչեւ 2008-ի հունիսը մնացել էր անազատության մեջ: Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ, դատարանն արձանագրել է, որ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի անձնական հեռախոսազրույցները 2006 թվականի ամռանից ամիսներ շարունակ գաղտնալսելու, այնուհետեւ նրան ազատազրկելու եւ շուրջ 8 ամիս նախնական կալանքի տակ պահելու գործընթացներն իրականացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով: Այդ խախտումների դիմաց Հայաստանի Հանրապետությունը պետք է Ժիրայր Սեֆիլյանին վճարի 6000 եվրոյին համարժեք փոխհատուցում: