ԱՄՆ-ի գաղտնի ծառայության գործակալները չորեքշաբթի գիշեր ձերբակալել են երկրի նախագահ Բարաք Օբամային հասցեագրված սպառնալից նամակների հեղինակին: Ծառայության ներկայացուցիչ Բրայըն Լիրի խոսքով, հանցագործը 31-ամյա Էնթան Քալիորին է, ով բնակվում է Սիեթլի արվարձաններից մեկում: Վաշինգտոն նահանգի դատախազության ներկայացուցիչ Էմիլի Լանգի խոսքով, կալանավորվածը էլեկտրոնային փոստով սպառնալից նամակներ էր ուղարկում նախագահին: Հաղորդվում է նաեւ, որ ձերբակալության ժամանակ տղամարդը դիմակայություն է ցուցաբերել, գործակալներին սպառնալով որսորդական հրացանով: Նրա բնակարանում կատարվել է խուզարկություն` կասկածելի նյութեր ու զենք հայտնաբերելու նպատակով: Ձերբակալված Քալիորիի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նախագահ Օբամային ահաբեկելու, ինչպես նաեւ ֆեդերալ գերատեսչության ներկայացուցչի վրա հարձակում իրականացնելու համար: Գործով առաջին լսումները կայացել են այսօր: