Created on Monday, 07 March 2022 18:53 Written by AMGA TV
Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակավոր հրադադար և մարդասիրական միջանցքներ է խոստացել Ուկրաինայում, մասնավորապես հարավում գտնվող Մարիուպոլ, մեծությամբ երկրորդ՝ Խարկով և Սումի քաղաքների խաղաղ բնակիչներին տարհանելու համար, այդուհանդերձ, ինչպես պնդում է պաշտոնական Կիևը, ռուսական թնդանոթները չեն լռում։ Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ այսօր առավոտյան ժամը 10-ից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր վեց հումանիտար միջանցքների մասին, այդ թվում` Կիևից։ Քիչ անց, սակայն պարզ դարձավ, որ այդ բոլոր միջանցքները տանում են կա՛մ դեպի Բելառուս, կա՛մ Ռուսաստան։ Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է, որ Մոսկվան նամակում տեղեկացրել է, որ հենց այդ միջանցքներն է երաշխավորում, ինչին ի պատասխան Կիևն իր անհամաձայնությունն է հայտնել։ Հումանիտար միջանցքներ բացելու Մոսկվայի խոստումը հաջորդում է Մարիուպոլից խաղաղ բնակիչներին տարհանելու երկու անհաջող փորձերին, որտեղից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գնահատմամբ՝ շուրջ 200 հազար կին, երեխա, տարեցներ փորձում են լքել տարածքը։ Ռուսական զինուժի շրջափակման մեջ հայտնված քաղաքում, ինչպես հայտարարել է միջազգային կառույցի ներկայացուցիչ Միրելլա Հոդեյբը, բնակչության համար տեղում իրավիճակը ծայրաստիճան ծանր է, նաև վտանգավոր է քաղաքը լքելը: Արևմտյան աղբյուրների համաձայն՝ պատերազմի 12 օրերի ընթացքում Ռուսաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հենց Ուկրաինայի հարավում, ինչը թույլ կտա Մոսկվային արգելափակել մուտքը դեպի Ազովի ծով: Մարիուպոլի գրավումը, մասնավորապես դեպի Ղրիմ ցամաքային միջանցքի հնարավորություն է տալիս Մոսկվային։ Պենտագոնի տվյալներով, Ուկրաինայի շուրջ կուտակված ռուսական ուժերի մոտ 95 տոկոսն այժմ գտնվում է երկրի ներսում: Ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը՝ փորձելով մեկուսացնել Կիևը, Խարկովը և Չեռնիգովը։ Կիևի գրավման փորձերի մասին է ահազանգել նաև Ուկրաինայի Ներքին Գործերի Նախարարության խորհրդական Վադիմ Դենիսենկոն։ Նրա խոսքով` ռուսական կողմը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել մայրաքաղաքի շուրջը: Մինչ այդ ռուսական զինուժի հարձակումների տակ շարունակում է մնալ Խերսոնը, անցած գիշեր գնդակոծությունները շարունակվել են Չերնոբաևկայի օդանավակայանի ուղղությամբ։ Խերսոնի շրջանի հենց այդ բնակավայրով է անցնում ռազմավարական ճանապարհներից մեկը համարվող դեպի Օդեսա տանող մայրուղին։ Ծովից հարվածների է ենթարկվում նաև Օդեսան, անցած գիշեր ռուսական զինուժը հրթիռակոծել է Նիկոլաևը Սմերչ կայանքներից, փլուզվել են բնակելի շենքեր, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։