Կըրոնայում ոստիկանությունը գնդակահարել է զինված կասկածյալին, McKinley փողոցի վրա, East Lakeside Place-ի մերձակայքում: Ոստիկանությունը երեկ երեկոյան, ժամը 11-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Deerwood Apartment-ում տղամարդը սպառնում է սպանել հարեւաններին: Երբ ոստիկանները ժամանել են, կասկածյալը հանել է զենքն ու ուղղել նրանց վրա: Ոստիկանության պնդմամբ, իրենք ստիպված են եղել կրակ բացել: Կասկածյալը Կըրոնայի 28-ամյա բնակիչ Էրիկ Բըրբենքն է եղել, ում տեղափոխել են Riverside Community Hospital, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը: Անցած շաբաթ Կարոնայի ոստիկանները գնդակահարել էին մեկ այլ կասկածյալի: Read more
Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե աշխատելու է Կոնգրեսի հետ Ամերիկայում բռնության կրճատման ուղիներ որոնելու հարցում: Ելույթ ունենալով Նոր Օռլեանում Ազգային քաղաքային լիգայի ամենամյա խորհրդաժողովում` Օբաման պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատել օրենսդիրների հետ` բռնությունների ալիքը նվազեցնելու ուղղությամբ: Օբաման նշել է, որ թեեւ աջակցում է ամերիկացիների` զենք ունենալու սահմանադրական իրավունքին, կարծում է, որ այդ իրավունքը պետք է ավելի խստորեն կարգավորվի: -Կարծում եմ, զենքի շատ սեփականատերեր կհամաձայնվեն, որ Կալաշնիկովի ինքնաձիգները պետք է լինեն զինվորների, այլ ոչ հանցագործների ձեռքում: Դրանց տեղը ոչ թե մեր փողոցներն են, այլ մարտադաշտերը,- ասել է նախագահը: Իր ելույթով նախագահն ավարտել է չորսօրյա նախընտրական արշավը հինգ նահանգներում: Նա կրկին ընդգծել է աֆրոամերիկացիների իրավիճակը բարելավելու պատրաստակամության մասին եւ ասել, որ հրամանագիր է ստորագրելու աֆրոամերիկացի ուսանողների համար կրթական հնարավորությունները բարձրացնելու համար: Read more
Աուրորա քաղաքում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո Կոլորադո նահանգում հրազենների վաճառքի թիվը կտրուկ աճել է: Bloomberg-ի փոխանցմամբ, համաձայն հրազենային շուկայի տեղի վերահսկողների՝ Աուրորայի կինոթատրոնում 4 օր առաջ տեղի ունեցած հրաձգությունից հետո զենք գնելու 3 հազար 647 հայտ է ներկայացվել, այն դեպքում երբ այդ հանցագործությունից 4 օր առաջ հայտերի քանակը եղել է ընդամենը 2 հազար 583: Ընդ որում՝ հերթը գոյացել է ոչ թե որսորդական զենքերի, այլ հենց ինքնապաշտպանության համար նախատեսված ատրճանակների համար: ԱՄՆ-ում անձնական ատրճանակների վաճառքի թիվն ամեն անգամ զանգվածային սպանություններից հետո աճում է, քանի որ մարդիկ փորձում են իրենց պաշտպանել հանցագործներից: Read more
2009 թվականին Ֆորդ Հուդ ռազմաբազայում 13 մարդու սպանության մեջ մեղադրվող ԱՄՆ բանակի մայոր Նիդալ Հասանին դատարանը նախազգուշացրել է, որ նրան բռնությամբ կսափրեն, եթե նա ինքնակամ չազատվի մորուքից: Associated Press-ի փոխանցմամբ, Հասանը պնդում է, որ իր կրոնը պահանջում է մորուք պահել: ԱՄՆ բանակի կանոնադրությունն էլ իր հերթին պահանջում է, որպեսզի սպաները հանրությանը երեւան սափրված: Երեկ նա կրկին նախնական լսումների էր հայտնվել առանց սափրվելու, այդ իսկ պատճառով նրա դեմ 1000 դոլարի տուգանք է սահմանվել` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Դատարանի որոշմամբ` մեղադրյալը պետք է օգոստոսի 20-ին ռազմական դատարանի առջեւ կանգնի սափրված: Եթե նա ինքնակամ չազատվի մորուքից, դա հարկադրաբար կանեն: Հիշեցնենք, որ 2009 թվականի նոյեմբերի 5-ին Տեքսասի Ֆորդ Հուդ ռազմաբազայում որպես հոգեբույժ ծառայող Հասանը կրակ է բացել եւ սպանել 13 մարդու, վիրավորվել էր 32-ը: Նրան մահապատիժ է սպառնում: Դա կլինի վերջին 50 տարում ամերիկացի զինվորականի նկատմամբ առաջին մահապատիժը: Read more
Հղի բրիտանուհու որովայնում վիրաբուժական ասեղ է հայտնաբերվել, որը կնոջ որովայնում էր հայտնվել է մի քանի տարի առաջ իրականացված բժշկական միջամտության արդյունքում: Քելլի Դանիգընը որովայնի աջ հատվածում ծակոցներ է զգացել հղիության ընթացքում եւ դիմել է իր բժշկին, սակայն վերջինս հանգստացրել է 26-ամյա կնոջը` խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել նման զգացողություններին: Սակայն հղիության 6-րդ ամսում կինը որովայնի մաշկի տակից նկատել է ասեղը: Նա անմիջապես հիշել է 2009 թ-ի վիրահատությունը: Բժիշկներին եւս մեկ անգամ դիմելուց եւ ասեղի առկայությունը կնոջ մարմնում արդեն հաստատելուց հետո Դանիգընին ասել են, որ հղիության պատճառով ցանկացած տեսակի վիրահատական միջամտություն հակացուցված է: Միայն ծննդաբերությունից հետո բժիշկները կկարողանան ասեղը հեռացնել: Read more
Հազարավոր փախստականներ լքում են Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը, որտեղ ապստամբները մարտեր են մղում կառավարական ուժերի հետ: Ամենածանր իրավիճակը ստեղծվել է երկրի արեւելքում: Ապրիլից, երբ սկսվել է Մարտի 23-ի շարժում խմբավորման հարձակումը, իրենց տները լքել են Կոնգոյի ավելի քան 260 հազար բնակիչներ: ՄԱԿ-ի խաղաղարարները հանդես են գալիս կառավարության կողմից: -Ռուգարիի անտառներում շատ են կրակել, մենք հազարավոր փախստականներ ենք տեսել, ում հետապնդում էին զինվորականները: Այդ պատճառով էլ մենք թողել ենք մեր գյուղը,- պատմել է Գոմա քաղաքի մերձակա գյուղերից մեկի բնակիչը: Հարեւան Ուգանդան փախստականների մի քանի ճամբարներ է բացել իր կողմում: ՄԱԿ-ի տվյալներով, մոտ 30 հազար մարդ է փորձել այստեղ ապաստան գտնել: Ըստ միջազգային կազմակերպությունների, մոտ կես միլիոն մարդու վիճակը մտահոգություն է առաջացնում, նրանցից 350 հազարը թողել են իրենց տները վերջին ամիսների ընթացքում: Տեղերում հումանիտար օգնության կետեր են բացվել: Read more
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավում վերսկսվել են մարտերը: Մարտերը սկսվել են Քադար թաղամասից, որտեղից լսվում են տանկերի, ավտոմատների եւ ականանետների կրակոցների ձայներ: Այդ թաղամասից փախչող մարդիկ պատմում են, որ զինվորականներն այրել են բնակելի տները` փորձելով այնտեղից դուրս հանել ապաստանած ապստամբներին: Միեւնույն ժամանակ մարտեր են ընթանում բնակչության քանակով երկրորդ խոշոր քաղաքում` Հալեպում: Այնտեղ ապստամբները որոշակի հաջողությունների են հասել` գրավելով հարավի եւ հյուսիսի մի քանի շրջաններ, ինչպես նաեւ շատ են մոտեցել կենտրոնին: Կառավարական զորքերը, որոնք պաշտապանում են Հալեպը, օգնություն են խնդրել Իդլիբ գավառից, սակայն այն դեռ չի հասել: Իսկ մինչ օգնությունը կհասնի` ապստամբների դիրքերը ռմբակոծվում են օդից: Read more
Իտաալցի գիտնականները, ամենայն հավանականությամբ գտել են Լիզա Գերարդինիի գերեզմանը: Ըստ տարածված վարկածներից մեկի, Լիզան եղել է Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր Մոնա Լիզա կտավի բնորդուհին: Հնագետները մնացորդները հայտնաբերել են Ֆլորենցիայում, Սուրբ Ուրսուլայի լքյալ կանացի մենաստանից ոչ հեռու: Արվեստաբան Սիլվանո Վինչետին ասում է. –Մենք Լիզա Գերարդինիի հուղարկավորության պատմական փաստաթղթեր ունենք, որ դա կատարվել է 1542թ. հուլիսի 15-ին: Նա նկարչի առաջին բնորդուհին էր: Այժմ մեր հետազոտություններում շատ կարեւոր փուլ է, մենք հասել ենք էությանը: Այս մնացորդները ենթարկվելու են ռադիոածխածնային անալիզի, նաեւ ոսկրաբանական հետազոտություն կարվի` պարզելու գերեզմանի թիվը: Լիզա Գերարդինին մահացել է 63 տարեկանում: Եթե կմախքը տարիքի փորձաքննությունն անցնի, DNA-ը կհամեմատեն Գերարդինիի երեխաների DNA-ի հետ: Մինչեւ նոր տարի աշխարհը կիմանա` գտել են խորհրդավոր Ջոկոնդային, թե ոչ: Read more
Մութ ասպետ. վերածնունդ կինոնկարում Բաթմեն-ի դերակատար Քրիշչըն Բեյլն այցելել է հիվանդանոցում գտնվող իր երկրպագուներին, որոնք տուժել են անցյալ շաբաթ Կոլորադո նահանգում կինոնկարի ցուցադրման ընթացքում իրականացված հրաձգության ժամանակ: Բեյլը տուժածներից յոթի հետ հանդիպել է Աուրորա քաղաքի հիվանդանոց կատարած իր այցի ընթացքում, որի ժամանակ լուսանկարվել է նրանց հետ եւ երախտապարտության խոսքեր ասել բժիշկներին եւ ոստիկանության ծառայողներին: Հիվանդանոցի ղեկավարության համաձայն, հիվանդները շատ ուրախ էին տեսնելու ճանաչված դերասանին, որի այցը նրանք բուժիչ են գնահատել: Բեյլը եւ իր տիկինն այցելել են նաեւ հրաձգության վայր կինոթատրոնի մոտակայքում հիմնադրված հիշատակի վայրը: Դերասանը զարհուրելի է անվանել Մութ ասպետ. վերածնունդ կինոնկարի ցուցադրության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: Հիշեցնենք, որ Կոլորադո նահանգի Աուրորա քաղաքի կինոթատրոններից մեկում 12 սպանության եւ 70 մարդուն վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող անձը երկուշաբթի օրն առաջին անգամ կանգնել էր դատարանի առջեւ: Փրկվածներից մեկը հղի երիտասարդ աղջիկ է եղել: Նա երեխա է ունեցել, այն ժամանակ, երբ նրա ամուսինը դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նշենք, որ մազերը վառ նարնջագույն ներկած Ջեյմս Հոլմսը դատարանում շփոթված եւ անհույզ տեսք ուներ այն ժամանակ, երբ դատավորը հայտնել էր նրան 1-ին աստիճանի ծանր սպանություն կատարելու մեջ մեղավոր ճանաչելու հավանականության մասին: Read more
Կալիֆոռնիայի ոստիկանությունը ձերբակալել է անկարգությունների առնվազն 24 մասնակիցների: Անկարգությունները տեղի են ունեցել Էնահայմ քաղաքում ոստիկանների կողմից երկու լատինամերիկացիների սպանությունից հետո: Մոտ 500 մարդ է մասնակցել բողոքի զանգվածային ակցիային Էնահայմի քաղաքային խորհրդի շենքի մոտ: Դժգոհ բնակիչները այրել են աղբարկղերը, քարեր եւ վառվող հեղուկով շշեր են նետել ոստիկանության աշխատակիցների վրա: Ոստիկանները, որոնց թիվը հասել է 205-ի. Պատասխանել են ռետինե գնդակների տարափով, եւ արցունքաբեր գազով: Իրավիճակը խորացել է, երբ ոստիկաններից մեկի շունը դուրս է եկել վերահսկողությունից եւ ատամները խրել ցուցարարներից մեկի մարմնի մեջ: Տեղական ոստիկանության պետ Ջան Ուելթըրը ներղություն է խնդրել եւ հավաստել, թե ոստիկանությունը կփոխհատուցի բժշկական ծախսերը: Ոստիկանների կիրառած ռետինե գնդակների հետեւանքով մի քանի մարդ մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել: Բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, որտեղ նրանց դեմ վարչական գործեր են հարուցվելու: Էնահայմում բողոքի լայնածավալ ակցիաները ընթանում են արդեն չորրորդ օրը շարունակ: Դրանք սկսվել են շաբաթ օրը, երբ ոստիկանները հետապնդել են հասարակական կարգը խախտողների, իսկ իրավապահներից մեկը կրակել եւ սպանել է Մանուել Դիասին: Հաջորդ օրը սպանվել է մեկ այլ մեքսիկացի` Ջոել Մեթյու Ասեվեդոն: Մանուել Դիասի ընտանիքը 50 մլն դոլարի հայց է ներկայացրել ոստիկանության դեմ: Նշենք, որ Էնահայմի բնակչության 53 տոկոսը լատինաամերիկացիներ են: Read more
Powerd by Bloogie