Լոռու մարզի Ախթալա քաղաքում իրավիճակը շարունակում է թեժանալ: Երեկ հայտնել էինք, որ մանկապղծության համար ազատազրկված Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Լեռնահարստացուցիչ գործարանի անվտանգության պետ, Բոդոլ մականունով Արսեն Չիթչյանը ընկերների հետ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հայրական տան վրա, վնասել տունն ու մեքենան: Չիթչյանը դրանից հետո փախուստի էր դիմել: Պարզվել է, որ ավելի ուշ քաղաքապետի եղբայրը` Կարեն Խաչիկյանը այլ անձանց հետ գնացել է Արսեն Չիթչյանի տուն եւ դաժան ծեծի ենթարկել մորը`Նինա Չիթչյանին, հորը` Բենիկ Չիթչյանին, տատուն եւ քրոջը: Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արսեն Չիթչյանի եւ նրա ընկերոջ` Էդգար Հախվերդյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նշենք, որ Ախթալայի քաղաքապետն ու եղբայրները հանրապետական կուսակցության անդամ են, իսկ ավագ եղայրը` Վազգեն Խաչիկյանը` նախկին պատգամավոր է, սոցիալական ապահովության հիմնադրամի ղեկավարը, ում աշխատանքից ազատել էին խոշոր յուրացումների համար: Read more
Հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնել է Ադրբեջանին: Այսօր ոճրագործին արդեն ուղարկել են Բաքու, որտեղ էլ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել նրան: Սաֆարովին ավելի վաղ հայրենիքի հերոսի կոչում էին տվել: Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնով սպանել էր քնած Գուրգեն Մարգարյանին եւ փորձել սպանել մյուս սպային` Հայկ Մակուչյանին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար եւ 2006թ. ապրիլի 13-ին դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել` առանց 30 տարի ներման իրավունքի: Մինչդեռ այսօր, գաղտագողի Հունգարիան նրան հանձնեց Ադրբեջանին: Հունգարիայի իշխանությունները պատճառաբանել են, թե գործել են միջազգային կոնվենսիաներով: Այս կապակցությամբ արտահերթ խորհրդակցություն է գումարել Սերժ Սարգսյանը, ով Եվրամիության դեսպաններին հայտնել է, թե Հայաստանը կասեցնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Այսօր նաեւ բողոքի ակցիա է եղել Հունգարիայի հյուպատոսարանի առջեւ: հասարակական ակտիվիստները նաեւ պահանջում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը` արդարացիորեն նշելով, որ ոճրագործի արտահանձնումը հայկական դիվանագիտության խայտառակ պարտությունն է: Նշենք, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը դատապարտել են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ պետքարտուղարությունը, որոնք նաեւ պարզաբանումներ են պահանջել Հունգարիայից: Տեղեկացնում ենք Վաշինգտոնաբնակ մեր հայրենակիցներին, որ Սեպտեմբերի 1-ին` ԱՄՆ աեւելյան ափի ժամանակով ժամը 3-ին Վաշինգթոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է կայանալու: Read more
Հարավային Լոս Անջելեսում` Մեյն Սթրիթի նախնական դպրոցի մոտ 100 տարեկան վարորդը վթարի է ենթարկել հետիոտների: Տուժել է 14 մարդ, նրանցից 11-ը երեխաներ են: Դեպքը տեղի է ունեցել պարապմունքների ավարտից հետո: Մեքենան դուրս է եկել մայթի վրա եւ մթերքի կրպակի մոտ հետնամասով բախվել է երեխաներին եւ նրանց ծնողներին: Ոստիկանությունը վարորդի գործողությունները կապել է նրա տարիքի հետ: Նշվում է, որ Քալիֆորնիայում վարորդական իրավունք ունենալու համար տարիքային սահմանափակում չկա: -Կարծում եմ, դա պատահականություն է, տղամարդն արդեն տարիքով է, ակնհայտ է, որ որոշումներ ընդունելու գործում նա առողջական խնդիրներ ունի,- պարզաբանել է ոստիկանության կապիտան Ջորջ Ռոդրիգեսը: Վթարի մեղավոր Փրեսթոն Քարթըրը, որը սեպտեմբերի 5-ին դառնում է 101 տարեկան, հայտարարել է, որ դժբախտ պատահարի պատճառ են դարձել իր Cadillac-ի արգելակները: Վարորդը վթարի հետեւանքով չի տուժել: Մինչդեռ 11 տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Սկզբում 4 երեխաներ ծայրահեղ վիճակում են եղել, սակայն հետո նրանց վիճակը կայունացել է: Ըստ բժիշկների` նրանց վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Ներկայումս միջադեպի մեղավորին հարցաքննում են ոստիկանությունում, նա ակտիվորեն համագործակցում է քննության հետ: Վթարի բոլոր հանգամանքները չեն հաղորդվում, սակայն ծերունուն չեն ձերբակալելու: Read more
Հոլիվուդում շարունակվում են ինքնասպանությունները: Այսօր մեռած են գտել վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր Բրայըն Գըրբըրին, ով աշխատել էր Լեոնարդո Դի Կապրիոյի եւ R. E. M.-ի հետ: Գըրբըրի, դին հայտնաբերվել է Գլենդելից ոչ հեռու, Անջելես Քրեսթ մայրուղու վրա: Նրա Տոյոտա Պրիուս մակնիշի մեքենան հայտնաբերվել է լեռնային ճանապարհից 600 ոտնաչափ խորությամբ ձորակում։ Պրոդյուսերի մահվան պաշտոնական պատճառը դեռ չի հաղորդվում, սակայն Associated Press-ի փոխանցմամբ, ոստիկանությունը հիմքեր ունի կարծելու, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է: Դեռ շաբաթ օրը ոստիկանությունն ահազանգ էր ստացել Գըրբըրին անհետ կորելու մասին: Գըրբըրը Լեոնարդո Դի Կապրիոյի հետ 11-րդ ժամ ֆիլմի պրոդյուսերն էր: 41-ամյա պրոդյուսերն ամուսնացած էր եւ երկու փոքր որդի ուներ: Read more
Կնոջ եւ երկու երեխաների սպանության մեջ կասկածվող անձին այսօր առավոտյան գնդակահարել են ոստիկանները: Իրավապահներն ահազանգ էին ստացել առավոտյան ժամը 7-ի սահմաններում, որ 10400 block of Granger Court հասցեում երեք մարդ կա` դանակի բազմաթիվ հարվածների հետքերով: Նրանց տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրանց կյանքը: Սպանվածները 25-ամյա կինն ու նրա 1 եւ 4 տարեկան որդիներն էին: Ոստիկանները նաեւ ահազանգ են ստացել, որ կասկածյալը գտնվում է Կարոնայում` 15-րդ եւ 19-րդ մայրուղիների հատման հատվածում: Ժամը 8:30-ի սահմաններում ոստիկանները հետանդել են նրան եւ կրակել, երբ կասկածյալը կրակ է բացել: Երեխաների հորը տեղափոխել են հիվանդանոց, եւ նա ներկայումս կայուն ծանր վիճակում է: Իրավապահները հետաքննություն են սկսել` պարզելու դեպքի հանգամանքները: Read more
Դաշնային գործակալները ձերբակալել են 17 թմրավաճառների Լոս Անջելեսի ողջ տարածքում` վնասազերծելով մեքսիկական կոկաին, հերոին եւ մետամֆետամին տարածող ցանցը: Դաշնային դատախազության ներկայացուցիչ Թամ Մրոզեկը հայտնել է, որ հետաքննություն է իրականացվել 43 մարդու նկատմամբ, թմրանյութեր են հայտնաբերվել Վեն Նայսի թակոյի ճաշարանում, Նորթ Հալիվուդի ավտոսպասարկման կետում: 17 մարդ կալանավորվել է, չորսը հետախուզման մեջ է, եւս 22-ի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է: Կասկածյալների մեծ մասը մեքսիկացիներ են: Ոստիկանության հատուկ գործողությունը արդյունք էր Մաքսային եւ սահմանապահ ծառայության կողմից իրականացված 10 ամիս տեւած քննության: Ոստիկանները հարցաքննել են Նորթ Հալիվուդի Campos Auto Repair ավտոսպասարկման կետի սեփականատիրոջը` 41-ամյա Հերարդո Սելիս Գայտանին: Վերջին երեք ամսում գործակալներն առգրավել են 135 ֆունտ մետամֆետամին, 15 կգ կոկաին, 1 ֆունտ հերոինի խառնուրդ եւ 100 հազար դոլար կանխիկ փող: Read more
Արեւմտյան Նեղոսի համաճարակն ԱՄՆ-ում խլել է 66 կյանք, ընդ որում՝ մահացու դեպքերի ամենամեծ քանակը գրանցվել է Թեքսըս նահանգում, որտեղ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության կենտրոնի տվյալներով, վերջին մեկ շաբաթում Արեւմտյան Նեղոսի տենդից վարակվածների թիվն աճել է շուրջ 40 տոկոսով: ԱՄՆ-ում այդ վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1999թ., իսկ այժմ սպառնում է անվտանգության լուրջ խնդիր դառնալ: Կենտրոնի պնդմամբ, սա տենդի բռնկման ամենալուրջ դեպքն է: Բոլոր նահանգներում, բացի Ալյասկայից եւ Հավաիից, վիրուսի հետքեր են հայտնաբերվել մոծակների, թռչունների կամ մարդկանց մոտ: ԱՄՆ-ում վերջին մի քանի շաբաթների ընթացքում գրանցվել է հիվանդության 1590 դեպք, Թեքսըսում` 733: Վարակի փոխանցողների` մոծակների դեմ պայքարի համար բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում նաեւ Դալըսում, միջատասպան պատրաստուկներ են տարածում: Թեքսըսից բացի, Արեւմտյան Նեղոսի տենդից վարակման դեպքեր են գրանցվել նաեւ Միսիսիպի, Լուիզիանա, Հարավային Դակոտա եւ Օկլահոմա նահանգներում: Բժիշկները նշում են, որ ամենամեծ վտանգի են ենթակա 50 տարեկանից բարձր մարդիկ: Ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին վարակվածների թիվը կաճի նոր տեմպով: Վարակը խոցում է կենտրոնական նյարդային համակարգը։ Հոկտեմբերին վարակվածությունը կարող է հասնել իր պիկին: Read more
Ապահովագրական ընկերությունները հայտնել են, թե ԱՄՆ որ քաղաքի վարորդներն են ամենաանփույթը: Allstate ապահովագրական ընկերության տվյալներով, մայրաքաղաքային Կոլումբիա շրջանի վարորդները վթարի են ենթարկվում եւ ապահովագրական փաստաթղթեր լրացնում միջինը 4,7 տարի մեկ անգամ: վաշինգթոնցու` վթարի ենթարկվելու շանսերը 112 տոկոսով ավելին են, քանի այլ նահանգների բնակիչներինը: Երկրորդ տեղում Բալթիմորն է Մերիլենդ նահանգ, երրորդում Ռոդ-Այլընդի Փրովիդենսը: Ամենազգույշ վարորդներն ապրում են Հարավային Դակոտայի Սու-Ֆոլլս, Արիզոնայի Թուսան, Վիսկոնսընի Միլուոկի եւ Միզուրիի Քանզըս-Սիթի քաղաքներում: Նյու Յորքն ընդամենը 20-րդն է վտանգավոր ցանկում` զիջելով Մայամի, Սան-Ֆրանցիսկո եւ Լոս-Անջելես քաղաքներին: Read more
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ վիզայի պարզեցման ծրագրի մասին ռուս-ամերիկյան պայմանագիրը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 9-ին։ Պայմանագիրը վավերացվել է հուլիսին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, բայց լրացուցիչ պաշտոնական քայլեր էին հարկավոր, որպեսզի այն ուժի մեջ մտներ։ Սկսման ժամկետը այսօր հայտարարվել է ԱՄՆ դեսպանատան կողմից։ Պայմանագիրը թույլ է տալիս ռուսներին եւ ամերիկացիներին ստանալ եռամյա բազմակի օգտագործման մուտքի արտոնագրեր, որով նրանք կարող են մնալ 6 ամիս անընդմեջ։ Այն նաեւ վերացնում է Ռուսաստանի՝ հրավերի նամակ ստանալու պահանջը այցելուների համար, չնայած, որ զբոսաշրջիկները դեռեւս կարիք են ունենալու ցույց տալ վերջին տեղակայման ամրագրումները։ Աշխատատար եւ սահմանափակող վիզային համակարգի դյուրացումը ակնկալում է բարձրացնել շփումները երկրների միջեւ եւ նպաստել զբոսաշրջությանը, հատկապես ամերիկացիների հոսքին դեպի Ռուսաստան։ Read more
Այս գիշեր գերմանացի սակրավորները Մյունխենի կենտրոնում պայթեցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների 250 կիլոգրամանոց ավիառումբը: Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով` ռումբի վնասազերծման օպերացիան բարեհաջող է անցել, չնայած պայթյունի ժամանակ շիկացած բեկորները մոտակա շինություններում հրդեհների պատճառ են դարձել, կոտրվել են բոլոր շենքերի պատուհանները: Բնակիչներին նախապես տարհանել էին: Վնասազերծման գործողության ժամանակ պարզվել էր, որ դետոնացիա կարող է լինել յուրաքանչյուր վայրկյան, ուստի ռումբը պայթեցվել է հենց տեղում: Դեպքի վայրը շրջափակել էին, իսկ բնակիչներին տարհանել, ոստիկանությունը փակել էր Լեոպոլդշտրասսե մայրուղին: Ռումբը հայտնաբերվել էր նախօրեին` Շվաբինգ շրջանում` շինաշխատանքների ժամանակ: Ամերիկյան արտադրության ռումբը ունեցել է դանդաղ ներգործման քիմիական պայթուցիչ, որը բավականին դժվարացրել է ռումբի վնասազերծման աշխատանքները: Ռումբը պատել են պայթուցիկներով ու պայթեցրել: Վերանորոգման աշխատանքներից հետո բնակիչները կրկին կվերադառնան իրենց տները: Ի դեպ, նման գտածոները նորություն չեն Գերմանիայի համար, սակրավորները տարեկան 55 000 ռումբ են վնասազերծում: Read more
Powerd by Bloogie