Բրազիլիայում դեղին տենդի հետեւանքով 40 մարդ մահացել է: Դեղին տենդի բռնկում է գրանցվել Մինաս Ժերայս նահանգում: Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հաստատվել է վարակման 70 դեպք, որից 40-ը մահվան ելք է ունեցել: Գրանցվել է նաեւ դեղին տենդի կասկածանքով հիվանդության ավելի քան 360 դեպք, որից 47-ը մահվամբ է ավարտվել: Մեկ մարդ մահացել է երկրի մայրաքաղաքում: Ենթադրվում է, որ նա Մինաս Ժերայս է մեկնել եւ այնտեղ է վիրուսով վարակվել: Բրազիլիայի քաղաքային շրջաններում դեղին տենդ չէր գրանցվել 1942 թվականից ի վեր: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ներկա բռնկումը վերջին 14 տարում ամենամասշտաբայինն է: Բժիշկները Բրազիլիայի 9 նահանգների բնակիչներին, որտեղ համաճարակի հավանականություն կա, կոչ են անում պատվաստվել: Դեղին տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը տարածվում է Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում: Այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի եւ վերջույթների մկանների ցավերով, նաեւ սրտխառնոցով եւ փսխումով: Մահվան ելքը սպառնում է հիվանդների 5-ից մինչեւ 20 տոկոսին, իսկ համաճարակի դեպքում կարող են մահանալ հիվանդների 50-ից մինչեւ 60 տոկոսը: Դեղին տենդի դեմ դեղամիջոցներ չկան, կիրառվում է ախտանշային բուժումը: Այս հիվանդության դեմ պատվաստանյութը ստեղծվել է 80 տարի առաջ: Վիրուսը փոխանցվում է դեղին տենդի մոծակի միջոցով: Միջատի այս նույն տեսակն է փոխանցում Զիկա եւ դենգե վիրուսները: Դեղին տենդով հիվանդացած եւ առողջացած մարդկանց մոտ ցմահ իմունիտետ է մշակվում:
Read more
Միացյալ Նահանգներում քաղցկեղից մահացության ցուցանիշը 1980-ից ի վեր 20 տոկոսով նվազել է, ցույց է տալիս նոր հետազոտությունը։ Սակայն այս թվերը ամբողջ երկրում հավասարաչափ չեն։ Քաղցկեղից մահացության մակարդակն ընդհանուր առմամբ նվազում է, սակայն մինչեւ հիմա ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման օջախներ են մնում, ցույց է տվել առաջին անալիզը։ American Medical Assn. ամսագրում լույս տեսած հետազոտության մեջ ասվում է, որ 1980-2014թթ. քաղցկեղի տարբեր տեսակներից մահվան դեպքերը պակասել են։ Ցուցանիշները նվազել են 100 հազար մարդու հաշվարկով 240-ից մինչեւ 192-ի։ Ամենից շատ այդ թիվը կրճատվել է ափամերձ նահանգներում, որտեղ գտնվում են խոշոր քաղաքներ, ինչպես նաեւ միջլեռնային արեւմուտքում։ Նշենք, որ քաղցկեղը մնում է մահացության 2 գլխավոր պատճառը։ Նախորդ հետազոտություններն անցկացվել են պետական եւ ազգային մակարդակով։ Այժմ իրավիճակը գնահատվել է առանձին նահանգներում։
Կալիֆորնիայի իշխանությունները փորձում են պարզել համացանցում տարածված տեսանյութի դատապարտյալներին, որոնք դեմքերը փակել եւ իրենց հավատարմությունն են հայտնում վերջերս Նահանգներ արտաքսված Հոակին Էլ Չապո Գուզմանին: Հինգ դատապարտյալները խոսում են իսպաներեն, խիստ մեքսիկական ակցենտով իսկ նրանցից մեկը ներկայացել է որպես Չակի, որը բանտում դատապարտյալների պարագլուխն է: -Այստեղ ամեն ինչ մեր վերահսկողության տակ է, ես գնել եմ պարեկներին, պահակներին, իշխանության բոլոր տեսակներին,- ասել է այդ Չակին եւ նշել, որ բանտում 3500 մարդ ունի իր տրամադրության տակ, բջջայիններ, կանայք եւ թմրանյութեր: Բանտի անունը տեսանյութում չի նշվում: Չակիից հետո ներկայանում են մյուս չորս դատապարտյալները, որոնք իրենց հարգանքն են հայտնել Էլ Չապոյին: -Մենք սիկարիոսներ ենք, որոնք հոգ կտանեն ձեր մասին, 100 տոկոսով դուք մեզ պետք եք, բարի գալուստ,- նշել են դատապարտյալները: Իրավապահների տեղեկություններով, մտահոգիչ տեսագրությունը տարածվել է հունվարի 19-ին, հենց այդ օրն էլ Էլ չապոն արտահանձնվել է Նահանգներ եւ այժմ պահվում է Բրուքլընի բանտում: Գուզմանը դատարանում իրեն մեղավոր չէր ճանաչել 1984-ից 2014 թվականներին թմրանյութեր տարանցելու, սպանությունների եւ այլ հանցանքների մեջ: Նահանգներում նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Միջազգային հանրակցությունը երկար տարիների ընթացքում անարդարացիորեն է վարվել Միացյալ Նահանգների հետ՝ օգտվելով նրա թույլ տեղերից: Այս կարծիքը հայտնել է նախագահ Դանըլդ Թրամփը՝ Փենսիլվենիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության ղեկավարության խորհրդակցությունում: -Աշխարհը երկար տարիներ կթում էր մեզ: Այլեւս դա չի լինի,- պնդել է Թրամփը: Ըստ որում նա հերթական անգամ խոստացել է, որ այսուհետեւ երկրի կառավարությունն ուշադրությունը կենտրոնացնելու է Ամերիկայի սեփական խնդիրների լուծման վրա: Թրամփը առաջին անգամ օգտվել է նախագահական ինքնաթիռից եւ ուղեւորվել Ֆիլադելֆիա: Այնտեղ նա խոսել է Մեքսիկայի հետ հարաբերություններից, նշել, թե իմաստ չուներ հանդիպել նախագահ Պենյա Նյետոյի հետ, քանի դեռ Մեքսիկան Նահանգներին չի վերաբերվել պատշաճ կերպով: Թրամփը նշել է, թե Նյետոյին հասկացրել է, որ ամերիկյան ժողովուրդը չի վճարելու երկու երկրների սահմանին կառուցվելիք պատի համար: Թրամը անդրադարձել է նաեւ Տրանսխաղաղօվկիանոսյան համաձայնագիրը չեղարկելուն, ասել, որ Ամերիկան առեւտրային պայմանագրեր կնքելու է միայն հիմնվելով իր շահերի վրա: Թրամփն ընդգծել է ընտրությունների լեգիտիմության հարցը, արձանագրել, որ Նահանգներում կա ընտրությունների օրինականության խնդիր: -Մենք պետք է պաշտպանենք ընտրական գործընթացը ապօրինի միջամտություններից,- նշել է նա:
Powerd by Bloogie